![]()
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը ժամը 20:00-ին, ՆԳՆ բաժին է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Մ-ն և հայտնել, որ առավոտյան հղի կնոջ՝ Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Քնքուշ Վ-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ շտապօգնություն են կանչել, նրան տեղափոխել «Գորիս բժշկական կենտրոն», որտեղ էլ կինը երեխային կորցրել է։
Ոստիկանները մեկնել են ահազանգողի տուն, որտեղ էլ վերջինը ոստիկաններին ասել է, թե իրեն հայտնի չէ կնոջ՝ երեխային կորցնելու պատճառը, և փորձում է պարզել, թե արդյոք իրեն հիվանդանոցի բժիշկները չեն խաբել։ Տղամարդը հայտնել է նաև, որ երբ ինքը հեռախոսով խոսել է հիվանդանոցի աշխատակցի հետ, ընթացքում լսել է, որ գոռում են՝ «երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են», քանի որ կինը հղիության ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը՝ ժամը 20:00-ին դարձյալ Արթուր Մ-ն ահազանգել է և հայտնել, որ Գորիսի հիվանդանոցում երեխային սպանել են և սպառնացել է սպանել բոլորին։
Գորիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Արթուր Մ-ին և հրավիրել ոստիկանության Գորիսի բաժին, սակայն նա հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ՝ նշելով, թե բժիշկների նկատմամբ բողոք, պարտք ու պահանջ չունի։ Նա հայտնել է նաև, որ ինքը գտնվում է ոչ սթափ վիճակում․ նա ենթարկվել է սթափության փորձաքննության, ինչը հաստատվել է։
Ոստիկանները լսել են նաև Գորիս բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբարձ 45-ամյա Տաթևիկ Շ-ին, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում «հղիության 23-24, ծննդաբերական» շաբաթական ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված Քնքուշ Վ-ն ծննդաբերել է արական սեռի մահացած պտուղ մոտ 600 գրամ քաշով։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել»։
![]()