![]()
Երեկ Ազգային ժողովում հերթական խայտառակ ծեծկռտուքը գրանցվեց։ Խորհրդարանական քննարկումները կրկին վերածվել են ֆիզիկական բախումների՝ քաղաքական բանավեճի, փաստարկների և պատասխանատու քննարկումների փոխարեն։
Սա արդեն պարզապես առանձին միջադեպ չէ, այլ քաղաքական մշակույթի լուրջ խնդիր։ Երբ պատգամավորները սեփական դիրքորոշումը պաշտպանելու փոխարեն դիմում են բռնության, նրանք ոչ միայն խախտում են խորհրդարանի բնականոն աշխատանքը, այլև հարվածում են պետական կարևորագույն ինստիտուտներից մեկի հեղինակությանը։
Ընդդիմությունը մշտապես քննադատում է իշխանությանը, խոսում ժողովրդավարությունից, օրենքի գերակայությունից և քաղաքական պատասխանատվությունից։ Սակայն այդ սկզբունքները պետք է դրսևորվեն նաև սեփական վարքագծով։ Խորհրդարանական ընդդիմության առաքելությունը իշխանությանը վերահսկելն ու քննադատելն է, այլընտրանքային լուծումներ առաջարկելը և քաղաքական բանավեճի միջոցով հանրային խնդիրները բարձրաձայնելը։ Բռունցքներով հարցեր լուծելը որևէ կապ չունի այդ առաքելության հետ։
Իշխանության հետ անհամաձայնությունը չի կարող արդարացում լինել նման վարքագծի համար։ Քաղաքական պայքարը կարող է լինել կոշտ, քննադատությունը՝ սուր, բայց այն պետք է մնա քաղաքականության և օրենքի շրջանակներում։
Ազգային ժողովը փողոցային հաշվեհարդարների վայր չէ, իսկ պատգամավորական մանդատը որևէ մեկին բռնության իրավունք չի տալիս։ Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցող նման տեսարանները նվաստացնում են ներկայացուցչական ժողովրդավարության գաղափարը և հանրության մոտ խորացնում անվստահությունը քաղաքական համակարգի նկատմամբ։
Հասարակությունը պատգամավորներին մանդատ է տվել՝ պետության խնդիրները լուծելու, օրենքներ ընդունելու և իրենց ընտրողների շահերը ներկայացնելու համար։ Ոչ թե խորհրդարանը ծեծկռտուքի վայրի վերածելու։
Խորհրդարանական պայքարը պետք է ընթանա գաղափարների և փաստարկների, ոչ թե բռունցքների միջոցով։
![]()