Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․ «Մեր երկրում այս տարի գյուղատնտեսությունը շեշտակի անկում է ապրում․ ունենք տվյալներ մինչև 10 տոկոս անկման»։

Նույն օրը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձել էր՝ նշելով, որ Վիճակագրական ծառայությունն արձանագրել է 4.8% անկում՝ 2026 թվականի առաջին ինն ամիսների տվյալներով։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ պաշտոնական տվյալների վրա են հիմնված Նարեկ Կարապետյանի և Գևորգ Պապոյանի մատնանշած թվերը և ինչ ժամանակահատվածների են դրանք վերաբերում։

Ինը ամսվա տվյալներով անկումը կազմել է 4.8%
Վիճակագրական կոմիտեի «Նորություններ» բաժնում հոկտեմբերի 26-ին հրապարակված օպերատիվ տվյալներով՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 95.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ Այսինքն՝ 2026 թվականի առաջին ինն ամիսներին գյուղատնտեսության ֆիզիկական ծավալը նվազել է 4.8%-ով։

Հենց այս ցուցանիշին է հղում արել էկոնոմիկայի նախարարը։

Առաջին կիսամյակում անկումը կազմել է 11.9%
Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 88.1%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության ֆիզիկական ծավալը նվազել է 11.9%-ով։

Կարապետյանի նշած մինչև 10% անկումը, ըստ ամենայնի, վերաբերում է հենց այս՝ առաջին կիսամյակի ցուցանիշին։

Ընդ որում, տարվա առաջին երկու եռամսյակներում անկման տեմպերը զգալիորեն տարբեր են եղել։ 2026 թվականի առաջին եռամսյակում գյուղատնտեսության ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 94.8%, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 5.2% անկում։

Երկրորդ եռամսյակում ինդեքսը նվազել է մինչև 85.1%, ինչը համապատասխանում է 14.9% անկման։

Այսինքն, առաջին կիսամյակի 11.9% անկման ֆոնին հատկապես խորն է եղել երկրորդ եռամսյակի անկումը։

Տարբեր ժամանակահատվածների տվյալները տարբեր պատկեր են ցույց տալիս
Նարեկ Կարապետյանի և Գևորգ Պապոյանի նշած թվերը վերաբերում են տարբեր ժամանակահատվածների։

2026 թվականի հունվար-հունիսին գյուղատնտեսության ֆիզիկական ծավալի անկումը կազմել է 11.9%, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 4.8%։

Կարապետյանի հայտարարության պահին արդեն հրապարակված 9-ամսյա օպերատիվ տվյալներով գյուղատնտեսության ֆիզիկական ծավալի անկումը 4.8% էր, ոչ թե մոտ 10%։ Հետևաբար, նրա հայտարարությունը չի համապատասխանում հրապարակված ամենաթարմ պաշտոնական տվյալին։

Միաժամանակ, տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում 10% և ավելի անկում իսկապես արձանագրվել է։ 2026 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 11.9%, իսկ երկրորդ եռամսյակում՝ 14.9%։

Այսպիսով, 2026 թվականի ինն ամիսների արդյունքով գյուղատնտեսության ոլորտում անկումը պահպանվել է, սակայն առաջին կիսամյակի համեմատ կուտակային անկման չափը մեղմվել է՝ 11.9%-ից մինչև 4.8%։

* Վիճակագրական կոմիտեն 2026 թվականի հունվար-սեպտեմբերի 95.2% ինդեքսը հրապարակել է «Նորություններ» բաժնում՝ որպես օպերատիվ ամփոփ ցուցանիշ։ Գյուղատնտեսության 9-ամսյա ամբողջական և մանրամասն վիճակագրական հրապարակումը հասանելի կլինի նոյեմբերի 5-ին։

Գայանե Մարկոսյան

ՀԳ․ Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում թեմային կրկին անդրադարձ եղավ։ Նարեկ Կարապետյանը նշեց, որ իր ներկայացրած տվյալը տրամադրել է ԱԺ բյուջետային գրասենյակը, իսկ Գևորգ Պապոյանը հակադարձեց, որ այն արդեն հին է և 9-ամսյա օպերատիվ տվյալով գյուղատնտեսության ֆիզիկական ծավալի անկումը կազմում է 4.8%։

0

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ