![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներում երաշխավորի անհրաժեշտության մասին մոտեցումը՝ հղում անելով Հայաստանի և հայ ժողովրդի պատմական փորձին։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է՝ պատասխանելով պատգամավոր Քնարիկ Հարությունյանին։
Պատգամավորը հիշատակել է համաձայնագրում երաշխավորի ինստիտուտի բացակայության վերաբերյալ ընդդիմության քննադատությունը և հարցրել՝ արդյոք երաշխավոր ներգրավելը չի ենթադրում Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարում, երբ երկրի անվտանգության և տնտեսական պատասխանատվությունը դրվում է երրորդ պետության վրա։
Վարչապետը, ի պատասխան, առաջարկել է երաշխավորներ փնտրելիս ուսումնասիրել պատմական փորձը։
«Բոլոր նրանց, ովքեր երաշխավորներ են փնտրում, ես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Հայաստանի վերջին տասնամյակների և հայ ժողովրդի վերջին համարյա 150 տարվա պատմությանը։ Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով»,- հայտարարել է վարչապետը։
Նրա գնահատմամբ՝ երաշխավորի անհրաժեշտության մասին այդ խոսույթը կապված է պատմության և ընթացիկ իրողությունների չիմացության հետ։ Պատասխանի ավարտին Փաշինյանը հիշատակել է նաև Ուկրաինայի օրինակը։
«Ես այդ օրինակն էլի եմ բերել․ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք՝ ով է»,- ասել է վարչապետը։
![]()