Գումարների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին. Փաշինյանը՝ ապօրինի դրամական միջոցների մասին

«Վերջին շրջանում հաճախ ենք քննարկում ապօրինի կամ վերադարձված գույքի կառավարման հարցը։ Դրամական միջոցների մասով արդեն հստակ կողմնորոշվել ենք»։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա արձագանքում էր ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, թե արդյոք Կառավարությունն ունի ապօրինի գույքի օգտագործման միասնական ռազմավարություն։

«Մենք որոշել ենք, որ այդ գումարները կկենտրոնացվեն և կդեպոնացվեն, այսինքն՝ որպես դեպոզիտ կդրվեն։ Մենք այդ գումարները չենք ծախսի, այլ դրանցից գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին։

Հիմա ես հասկանում եմ, որ գումարը փոքր է, բայց այն ժամանակի ընթացքում կմեծանա, և ամբողջը կուղղվի այդ նպատակին։ Եթե հարց առաջանա, թե այդ գումարներն ինչ եղան, մենք կունենանք կոնկրետ պատասխան․ դրանք մեկ տեղում են և մեկ ուղղությամբ են տարվում։

Քննարկում կա՝ անշարժ գույքերը մենք պետք է նորից օտարե՞նք, թե՞ ոչ։ Մեր նախնական գնահատականն այն է, որ այս հարցին պետք է վերադառնանք, բայց եթե որևէ տարբերակով ապօրինի գույքերը վերածվեն դրամական միջոցների, հավանականությունը, որ դրանք կրկին կտեղադրենք այդ անձեռնմխելի հաշվում, որպեսզի գոյացած ամբողջ տոկոսներն ուղղվեն կենսաթոշակային ապահովմանը, բավականին մեծ է»,- նշեց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ