Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք՝ պետք է կողմ քվեարկել նախագծին

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի վերաբերյալ։

Փաթեթը մշակվել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավի շրջանակում։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Նախարարի խոսքով՝ Կառավարությունը սկզբունքային դրական դիրքորոշում ունի նախագծերի առնչությամբ, և ներկայացվել են առաջարկներ, որոնք հիմնականում միտված են նախագծերի առանձին դրույթների կատարելագործմանը։ Նա ընդգծել է, որ նախագծերի փաթեթով վերացվում է նախազգուշացումը՝ որպես ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանական միջոց, որն արդյունավետ չէ, այնուամենայնիվ, փոխարենը պետք է ապահովել նախազգուշացման չկիրառման պայմաններում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելը, ինչը թույլ կտա ոստիկանությանը շարունակել ուշադրության կենտրոնում պահել բռնություն գործադրած անձին։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ փաթեթի կարևոր առանձնահատկություններից է բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված վերականգնողական ծրագրերի ինստիտուցիոնալացումը։

Նախարարի խոսքով՝ ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն տուժածների պաշտպանությամբ։ Անհրաժեշտ է նաև պետության մասնակցությամբ աշխատանք տանել բռնություն գործադրած անձանց հետ՝ նրանց վերասոցիալականացման և վարքագծային փոփոխությունների հասնելու համար, ինչը թույլ կտա կանխել տվյալ անձի կողմից հետագա բռնության կիրառումը։ Այս համատեքստում կարևորվել է ռեաբիլիտացիոն ծրագրերի կիրառումը ինչպես ոստիկանության կողմից դեպքի հայտաբերումից հետո, այնպես էլ քրեական վարույթի արդյունքում՝ պատժին զուգահեռ։

Նախարար Սարգսյանը կարևորել է այն կարգավորումները, որոնց նպատակն է ընտանեկան բռնության դեպքերին պետության արձագանքը դարձնել ավելի հետևողական և նվազեցնել տուժածի վրա դրված պատասխանատվության բեռը։
Ըստ Արփինե Սարգսյանի՝ հաճախ տուժածները վախի, սոցիալական կախվածության, երեխաների կամ այլ հանգամանքների պատճառով չեն դիմում իրավապահ մարմիններին կամ հետագայում հաշտվում են, հրաժարվում են հաղորդում ներկայացնելուց։ Այս առումով Նախարարը կարևորել է նախագծերի փաթեթով հաշտության կամ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունների բացառումը՝ ընդգծելով, որ նման դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել բռնության կրկնության վտանգը։

Նախագծերի փաթեթով նաև առաջարկվում է որդեգրել այն ընդհանուր մոտեցումը, որ տուժողը չպետք է ստիպված լինի բռնության հետևանքով լքել իր բնակության վայրը, և առաջին հերթին պետք է քննարկվի բռնություն գործադրած անձին նրա բնակության վայրից հեռացնելու արդյունավետությունը։ Բռնության ենթարկված անձը պետք է ապաստարան տեղափոխվի միայն այն դեպքում, երբ նրա անվտանգությունը հնարավոր չէ ապահովել իր մշտական բնակության վայրը պահպանելու պարագայում։

Նախարարը նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվող լուծումների արդյունքում կարող է ավելանալ ստացվող հաղորդումների թիվը, ինչն իր հերթին պահանջում է այս ոլորտում ներգրավված մարմինների ու կազմակերպությունների կարողությունների զարգացում, նրանց տրամադրվող ռեսուրսների ընդլայնում։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի նպատակներից է նաև ապահովել, որ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ իրավական գնահատականները լինեն հստակ և միատեսակ՝ ինչպես օրենսդրության, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայի մակարդակում։

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ հաղորդումների աճը կարող է վկայել իրավապահ համակարգի, մասնավորապես՝ ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման և դեպքերի մասին հաղորդելու պատրաստակամության մեծացման մասին։

Ամփոփելով՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը պետության հետևողական միջամտության ամրապնդումն է, կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը, տուժածների պաշտպանության արդյունավետության բարձրացումն ու բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված միջոցների ներդրումը։

Նախարարը պատասխանել է նաև նիստի մասնակիցների հարցերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ