![]()
Հոկտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԳՄԱ նախարարությունը ներկայացրել է նախարար Միրզոյանի ելույթի ամբողջական տեքստը, որում ասվում է․
«Հարգելի՛ խորհրդարան, հարգելի՛ պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման հարցը։ Կհիշեք, որ 2026 թվականի հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես հիմնադիր անդամ ստորագրեց Խաղաղության խորհրդի ստեղծման կանոնադրությունը։ Խորհրդի գաղափարն, իհարկե, նոր չէր, այդ օրը չծագեց. այն քննարկվել էր նաև նախկինում՝ 2025 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Մերձավոր Արևելքի գագաթնաժողովի ժամանակ։ Եվ ահա հիմնադրվեց Խաղաղության խորհուրդը, որը կոչված է նպաստելու աշխարհի տարբեր անկյուններում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
Այս պահի դրությամբ խորհուրդն ունի 28 անդամ։ Անդամներն անդամակցում են երեք տարի ժամկետով։ Սահմանված է կամավոր նվիրատվությունների մեխանիզմ. կա որոշակի սահմանաչափ, որը չվճարելու դեպքում երեք տարի հետո խորհրդի նախագահը կարող է որոշում կայացնել հետագա անդամակցության մասին։ Այս հարցը հետաքրքրեց հանձնաժողովին, և ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ ոչ մի նվիրատվություն չի արել։ Եթե հետաքրքրված եք, կարող եմ թվարկել բոլոր 28 անդամներին կամ ներկայացնել այլ տեխնիկական մանրամասներ, որոնք, իհարկե, կարող եք գտնել նաև առանց իմ օգնության՝ գրված են փաստաթղթերում։
Ավելացնեմ միայն, որ, ինչպես ցանկացած միջազգային համագործակցության հարթակ, Խաղաղության խորհուրդը մեզ համար ևս ունի երկակի նշանակություն։ Նախ՝ ինքնին խորհուրդը և դրա առջև դրված առաքելությունը, նպատակը՝ խաղաղություն աշխարհում։ Երկրորդ շերտ. միջազգային ձևաչափից բացի, միջազգային հարթակները հնարավորություն են տալիս նաև զանազան երկկողմ շփումների համար։ Գաղտնիք չէ և ակնհայտ է, որ այս հարթությունում մեզ համար այս հարթակը շատ կարևոր խողովակ է նաև Միացյալ Նահանգների և մյուս անդամ պետությունների հետ քաղաքական շփումների և համագործակցության խորացման տեսանկյունից»։
![]()