![]()
Դուք կիրակի օրը ականատես եղաք ձեր գահավիժման սկզբին, որովհետև դուք առանց փողի զրո ռեյտինգ ունեցող կուսակցություն եք, առանց փողի որևէ աջակցություն չունեք: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ին ՀՀ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրությունների շուրջ «Ուժեղ Հայաստանի» մեկնաբանություններին:
«Պատկերացնում եմ, եթե «Ուժեղ Հայաստանը» հաջողություն գրանցեր Ստեփանավանում ապա սալյուտը համ ներսից էին խփելու, համ դրսից էին խփելու: Առավոտ գալու էին պատմելու էին, թե ինչ հանճարեղ ուժ են: Նարեկ Կարապետյանը մի երկու օր վիդեոներ էր հրապարակելու ֆեյսբուքում՝ խոհարարի գլխարկով ու դանակը ձեռքին, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրում: Մի հատ խոսեք, մի հատ պատմեք, թե էտ ոնց եղավ, որ ձեր ամենաինտելեկտուալ թեկնածուն ամենաանհարմար պահին փող բաժանելուց նկարահանվեց և բռնվեց: Էտ ոնց պատահեց, թե զարմացած եք մնացել, որ բռնվել եք: Գիտեք ինչի եք զարմացած, որովհետև հունիսին էլի նույն բանն արեցիք և բախտներդ բերեց: Ձեզ թվաց, թե նույն մեթոդներով նույն բանը հիմա էլ եք կրկնելու»,-ասաց պատգամավորը:
Դավոյանի խոսքով՝ բազմաթիվ էին դեպքերը, երբ Ստեփանավան քաղաքում ընտրողները բողոքել են ընտրակաշառքի բաժանման դեպքերից:
«Ինչ ընտրությունները սկսվել են սեփանավանցիները գալիս ասում էին. «Էս «Ուժեղ Հայաստանը» փող է բաժանում, մի բան արեք սրանք բռնվեն: Գալիս էին քաղաքացիները մեզ պատմում էին, մենք էլ ասում էինք մենք կարող ենք քաղաքական գնահատական տալ, իրավապահ մարմինները, եթե ինչ -որ բան նկատենք ապա հետևանք կլինի: Հետո, երբ որ էտ հետևանքը եղավ էտ մարդիկ ու ուրիշ մարդիկ մեզ ասում էին՝ շնորհակալություն, որ մեր ահազանգերը տեղ հասավ: Շատ կարևոր էր սա, որովհետև այդ նույն արձագանքները հունիսին էլ կային, բայց այդպես էլ անարձագանք մնացին: Թե չէ եկել ստեղ խոսում են, ասում են. «մեր թեկնածուն բռնվեց, դրա համար մենք քիչ տոկոսներ հավաքեցինք»: Տարիներ առաջ, երբ Առուշ Առուշանյանը կալանավայրում էր, դարձավ քաղաքապետ»,-ասաց Դավոյանը:
![]()