ՀՀ 21 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են, ընտրատեղամասերը՝ փակվել. սկսվում է ձայների հաշվարկը

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և շարունակվել մինչև 20։00-ն։

Թվով 19 համայնքներում եղել են համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Դրանք են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքները։

ԿԸՀ տվյալների համաձայն՝ թվով 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցելու համար 13 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների կողմից ներկայացվել է առաջադրման 46 դիմում։

1 կուսակցության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել ինքնաբացարկի դիմումի հիման վրա։

5 համայնքներում՝ Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք, առաջադրվել է 1-ական կուսակցություն,
6 համայնքներում՝ Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմուկ և Իջևան՝ 2-ական քաղաքական ուժ,
Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Դիլիջան համայնքներում առաջադրվել է 3-ական քաղաքական ուժ,
4 համայնքներում՝ Մարտունի, Արթիկ, Մեղրի և Ստեփանավան համայնքներում պայքարել են 4-ական քաղաքական ուժ։
Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 1637 թեկնածու, որոնցից 553-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։ Մինչև գրանցումը մերժվել է 7 թեկնածուի գրանցում, ստացվել է ընդհանուր թվով 23 ինքնաբացարկի դիմում, որոնցից 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների կողմից։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են համայնքի ղեկավարի 3 թեկնածու և ավագանու անդամի 15 թեկնածու։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում չի ներկայացվել։

Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվել են թվով 972 տեխնիկական սարքավորումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ