![]()
Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքը դիտորդական առաքելություն է իրականացնում 200 շրջիկ դիտորդների և 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։ Ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեց դաշինքի համակարգող Արթուր Սաքունցը, ժամը 13:00-ի դրությամբ դիտորդներն այցելել են 380 ընտրական տեղամաս, իսկ առավոտյան նիստերի ընթացքը դիտարկվել է 90 տեղամասում։
Դիտարկված տեղամասերի 73%-ում առավոտյան նիստը մեկնարկել է ճիշտ ժամին՝ 07:00-ին, իսկ 27%-ում՝ ուշացումով։ Նիստերի 97%-ն ընթացել է առանց խախտումների։ Արձանագրվել են նաև տեխնիկական թերություններ․ 2 տեղամասում սարքի անսարքության պատճառով չի տպվել զրոյական տեղեկանքը, 3-ում եղել են կահավորման թերություններ, իսկ 1-ում՝ իրազեկման նյութերի բացակայություն։
Ըստ Սաքունցի, ուշագրավ է, որ դիտարկված տեղամասերի 30%-ում որևէ կուսակցություն վստահված անձ չի ունեցել։
«Պատկերացրեք՝ 90 դիտարկված տեղամասերից 30 տոկոսում որևէ կուսակցություն փաստորեն վստահված անձ չի ունեցել: Մնացած տեղամասերի մեծ մասում ներկա է եղել ընդամենը մեկ կուսակցության ներկայացուցիչ»,- ընդգծել է նա։
Ըստ «Անկախ դիտորդ» դաշինքի տվյալների՝ տեղամասային կենտրոնների մուտքի մոտ խոչընդոտներ են նկատվել 37%-ում, իսկ 35%-ը գնահատվել է լիովին անմատչելի։ Տեղամասերի 5%-ում քվեարկության սենյակը գտնվել է երկրորդ հարկում։
«Օրինակ՝ 25-2 տեղամասը Ստեփանավանում․ այդ շենքի քվեարկության սենյակը երկրորդ հարկ էր, և մեր ներկայությամբ հաշմանդամություն ունեցող անձը կաղալով մի կերպ բարձրանում էր երկրորդ հարկ․․․ Նման պայմաններում քվեարկության կազմակերպումը բարենպաստ չէ նման խնդիրն ունեցող մարդկանց համար»,- ասել է Սաքունցը։
Բացի այդ, տեղամասերի 16%-ում սենյակային պայմանները գնահատվել են անբավարար՝ լուսավորության, իսկ 22%-ում՝ ջեռուցման բացակայության պատճառով։ Այցելած 380 տեղամասերից 87-ում (շուրջ 23%-ում) արձանագրվել է ընդհանուր 128 խախտում։ 18 տեղամասում գրանցվել են կրկնակի խախտումներ։
Խախտումների կառուցվածքը հետևյալն է․
-Քվեարկության գաղտնիության խախտում՝ 22 դեպք,
-Գտնվելու իրավունքի կամ լիազորությունների խախտում՝ 19 դեպք,
-Ընթացակարգային խախտումներ՝ 14 դեպք,
-Քարոզչություն քվեարկության օրը՝ 5 դեպք,
-Ապօրինի վերահսկողություն՝ 4 դեպք,
-Կոնֆլիկտներ և վիճաբանություններ՝ 4 դեպք։
Դիտորդների բարձրաձայնած խնդիրների շուրջ 60%-ը հանձնաժողովների կողմից շտկվում է։ Այնուամենայնիվ, շարունակում են արձանագրվել տեղամասերի մոտ կուտակումներ և ուղղորդումներ (օրինակ՝ Գյուլագարակ համայնքում), որտեղ ոստիկանությունը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել։
Արձանագրված կուտակումների դեպքերն առավելապես վերաբերել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և միայն 5 դեպքում՝ այլ կուսակցությունների։ Արթուր Սաքունցը ներկայացրել է նաև ՔՊ ներկայացուցիչների կողմից ուղղորդման դեպքեր․ «Օրինակ, հանձնաժողովի անդամը ուղղորդել է ՔՊ-ի օգտին․ «քվեարկում ես ՔՊ-ը, մնացածը դնում մի կողմ» արտահայտությամբ»։
Իսկ 35/14 տեղամասում արձանագրվել է բացահայտ քարոզչություն, երբ ՔՊ վստահված անձը մեքենայի վրա փակցված գովազդային պաստառով շրջել է ընտրական տեղամասի շուրջը։
![]()