![]()
Վերջին շրջանում ազատ խոսքի, ազատ կամարտահայտության, քաղաքական ազատությունների մասին խոսույթը նորից ակտիվացել է։ Այն հատկապես սրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված։ Սա մի կողմից բնական է, մյուս կողմից, սակայն, հետաքրքիր են միտումները։
Հայաստանում որոշ հայտնի դեմքեր մտահոգություն են հայտնել Արթուր Դանիելյանի կալանավորման կապակցությամբ։ Մինչ այդ էլ մի այլ «կեղտոտ բերանի» էին ձերբակալել։ Շատերը մտահոգված են մարզերում ընդդիմադիր քաղգործիչների նկատմամբ «ճնշումներից»։ Ավելին՝ ոմանք իշխանությունների կողմից քաղաքական հաշվեհարդարի թեման դարձրել են իրենց հիմնական խոսույթը։ Որպես հիմնավորում էլ մեջբերում են առաջին հայացքից դասական ճշմարտություն համարվող այն թեզը, որ որևէ իշխանություն թեկուզ ընտրություններով երրորդ անգամ իշխանության գալուց հետո անխոս սկսում է կորցնել դասական ժողովրդավարության որոշակի հատկանիշներ, տուժում է ազատ խոսքը և այլն։
Այս թեզն իրականում քաղաքագիտության մեջ շատ ակտուալ թեզ է և կարելի է ասել՝ հաճախ ճիշտ է։ Անկախ կուսակցությունից ու երկրից՝ երրորդ և ավելի անգամներ ընտրված ուժերը սկսում են որոշակի նահանջ կատարել իրենց հիմնական սկզբունքներից, հատկապես ազատ խոսքի մասով։ Երբեմն այդ ամենը վերաբերում է ոչ թե այդ քաղաքական ուժին առհասարակ, այլ հաճախ այդ ուժի առանձին ներկայացուցիչների։ Սա հաճախ ճիշտ է, սակայն ոչ մշտական ճիշտ, և այստեղ ամեն ինչ չէ, որ այդքան պարզունակ է, իսկ մեր դեպքում ամեն ինչ ավելի խուճուճ ու բարդ է։
Փորձենք հասկանալ այդ բարդության շերտերը։
Ժողովրդավարությունը հատկապես նոր կայացող պետականություններում մշտական պայքար է, նոր հորիզոններ գրավելու պայքար։ Ամեն անգամ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և այլք պայքարում են ազատ խոսքի համար, իսկ իշխանությունները երբեմն-երբեմն գործընթացը տանում են հակառակ ուղղությամբ։
Ամեն դեպքում ՀՀ-ում այդպես էր մինչև 2018թ.-ը. դասական պայքար ազատությունների համար ընդդիմադիր թևից, հասարակական կազմակերպությունների կողմից, մամուլից և այլն և այլն։ Սակայն դրանից հետո դեռ որևէ կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն ավելի մեծ գործ չի արել քաղհասարակության, ազատ խոսքի, ժողովրդավարության կայացման համար, որքան իշխանությունները։ Իհարկե, կան նաև որոշ հասարակական գործիչներ, որոնք մշտական պայքար են մղում, սակայն, միևնույն է, հիմնական գործը անում է անձամբ իշխանությունը։ Իսկ եթե որևէ պաշտոնյա էլ խախտել է ժողովրդավարության ոսկե կանոնները, ապա առաջինը խստագույնս պատժել են հենց երկրի ղեկավարը և քաղաքական թիմի առաջամարտիկները։ Եվ հիմա էլ եթե որևէ մեկը, տարվելով իշխանության երկարակեցության զգացումով, խախտի այդ ոսկե կանոնը, ապա կպատժվի։
Սակայն արդյոք ամեն ինչ միայն այս տիրույթո՞ւմ է։ Իհարկե ոչ։
Այն, որ ՀՀ-ում 2018թ.-ից հետո ազատ խոսք ասածի չարաշահում կա, դա էլ է փաստ, սակայն այդ փաստի դեմ չեն պայքարում, քանի որ ցանկացած պայքար ավելի շատ վնաս կտա ինստիտուտին, քան օգուտ։ Ազատ խոսքի կանոնակարգումը և էտիկետի սահմանները գտնելը բարդ, սակայն նուրբ գործընթաց է։ Այստեղ պետական միջամտության կոշտ փորձերը ոչ մի լավ բանի երբեք չեն բերել։
Պատահական չէ, որ ՀՀ վարչապետը անձամբ հորդորեց դիմել իրեն, եթե տեղերում իրոք կան նման օրինակներ, որ իշխանությունները ճնշում են ընդդիմադիր գործիչներին։ Այստեղ ամենակարևորը հենց այս քննարկումն է, պայքարը, բարձրաձայնումը և այլն։ Սակայն կա մի սահման, որը կոչվում է ազգային անվտանգություն, որի հետ հարաբերվելը ավելի քան նուրբ գործ է։
Իհարկե, համաշխարհային պատմությունը շատ օրինակներ գիտի, երբ ազգային անվտանգության թեման օգտագործելով՝ ազատ խոսքի ինստիտուտը վնասներ է կրել։ Բայց կա նաև հակառակը՝ ազատ խոսքի դրոշով պետությանն է հասցվել մեծ վնասներ։ Կայացող դեմոկրատիաներում հատկապես այս սցենարն է վտանգավոր։ Որպես կանոն, կայացող դեմոկրատիաներում ազատ խոսքի տակ են թաքնվում բազում իրական թշնամիներ, օտար գործակալներ ու պետականության դեմ աշխատող ուժեր։
Ի վերջո, ինչպես անել, որ պետական անվտանգությունը չտուժի, սակայն ազատ խոսքն էլ չկորցնի իր դիրքերը։ Այս բարդ դիլեմայի մասին էր խոսում ՀՀ վարչապետը, երբ օրինակ էր բերում ՀՅԴ կուսակցական այն կնոջը։
Այդ բարդ դիլեմայի լավագույն օրինակներից մեկը, երևի, ԱՄՆ-ի 1940-1970 ականների պատմությունն է։ Երբ ԱՄՆ-ն մտավ Երկրորդ աշխարհամարտ, պետությունը գիտական և մշակութային դեմքերին այս կամ այն կերպ զորակոչեց, ինչը ամերիկյան գերլիբերալ հասարակության համար նշանակեց փակ միջավայր, ազատ խոսքի նահանջ և այլն։ Պատերազմի ավարտից հետո քաղհասարակությունը, մշակութային և գիտական աշխարհը ստացավ ազատություն և սկսեց նորից անխնա քննադատել իշխանություններին որևէ սխալի համար։ Սակայն սկսված Սառը պատերազամը և գաղափարական հակասությունները ԽՍՀՄ-ի հետ բերել էին նրան, որ ԱՄՆ-ում խորհրդային գաղափարախոսության օգտին խոսողները և գործողները չափազանց շատ էին, իսկ ԽՍՀՄ-ում, բնականաբար, հակառակները չկային, այսինքն՝ ստացվում էր, որ ԽՍՀՄ-ը անդադար հարվածներ էր տեղում ԱՄՆ դարպասներին՝ հատկապես օգտագործելով հինգերորդ շարասյունը, սակայն հակառակ հարվածը չէր ստանում։
Այս իրավիճակը այսօր շատ նման է մեր իրավիճակին։ ՀՀ-ում ծվարած հինգերորդ շարասյունը, իր համար որևէ էական վտանգ չզգալով, անխնա քննադատում է ՀՀ իշխանություններին, ավելին՝ երբեմն բացահայտ խոսում և անում է հակապետական քայլեր։ Սակայն այդ երկրում ապրող հայերը որևէ կերպ պրոհայկական ոչինչ չեն անում, ավելին՝ ուղիղ հակառակը։
Ամերիկյան գիտական ու մշակութային հասարակությունը հրաժարվում էր պետության օգտին աշխատելուց՝ համարելով, որ դա սահմանափակում է իրենց ազատությունները։ ԱՄՆ գիտնականների մեջ քիչ չէին սոցիալիզմի հավատավորները, արդյունքում ԽՍՀՄ-ը նվեր ստացավ ամերիկյան ատոմային ռումբի նախագծի ողջ գաղտնիքները, ռադիոտեղորոշման համակարգերի գաղտնիքներ, ռեակտիվ շարժիչների և այլ ռազմական գաղտնիքներ։ ԱՄՆ-ում գերլիբերալ միջավայրից կամաց-կամաց հասունանում էր մեծ դժգոհություն, հատկապես պետական համակարգում, ինչպես նաև որոշ հասարակական կազմակերպություններում։
Ստալինի գործակալներն իրականում վխտում էին ամերիկյան պետական, գիտական, մշակութային և հասարակական շրջանակներում։ Ազատ խոսքը դարձել էր հոռի սանձարձակություն ու հակապետական քայլեր։ Ի վերջո, ԱՄՆ-ում սկսվեց Մաքարտիզմը, որը, իհարկե, որոշակի հետ քայլ էր ազատական իդեալներից, սակայն անհրաժեշտ էր պետականության հիմքերը ամրապնդելու համար։
Նման ծանր աշխատանքը չէր կարող լինել բացարձակ ճիշտ և ամեն ինչին մոտենալ ընտրողաբար։ Ի վերջո, թացն էլ չորի հետ տուժեց։ Օրինակները շատ են, սակայն բերենք միայն մեկը՝ Չարլի Չապլինին ևս արտաքսեցին ԱՄՆ-ից, որի համար երեսուն տարի հետո ԱՄՆ նախագահը պետք է նրանից ներողություն խնդրեր։ Այդ դաժան քաղաքականությունը իրականացվեց, քանի որ Ջուլիուս և Էթել Ռոզենբերգները, Դեյվիդ Գրինգլասը, Հարի Գոլդը, Թեոդոր Հոլը, Էլիզաբեթ Բենթլին, Կլաուս Ֆուքսը, Կիմ Ֆիլբին և այլք մեծ վնաս էին պատճառել ԱՄՆ-ին և դաշնակիցներին՝ օգնելով ԽՍՀՄ-ին. բազում գաղտնիքներ էին փոխանցել, վարում էին հստակ թշնամական քաղաքականություն։
Մաքարտիզմը, այո, նահանջ էր ազատ խոսքից, ժողովրդավարությունից, սակայն այն պետք էր ԱՄՆ-ին, որպեսզի ցույց տար պետական շահի գերակայությունը։ Հետագայում ԱՄՆ-ն իր բազում անկախ ինստիտուտներով վերագտավ ազատության իր հենասյուները, սակայն հստակեցվեցին այն սահմանները, որը չարժե անցնել ազատ խոսքի հիմնավորմամբ, չարժե պետականությանը վնաս տալ իբր ազատ խոսքի իրավունքով։
Այսօր ՀՀ-ում ակնհայտ է, որ ազատ խոսքը վերածվել է հոռի սանձարձակության, և հաճախ եթե այն չի վերաբերում պետական անվտանգությանը, այլ միայն առանձին մարդկանց կյանքին ու ինքնասիրությանը, միևնույն է, խնդիրը թողնում են ինքնահոսի, մարդկանց կողմից քննադատությանը և ոչ թե օրենսդրական կարգավորման։ Մարդիկ ազատ հայհոյում են պետական պաշտոնյաներին և ազատ շրջում։ Բայց բոլորովին այլ բան է պետական անվտանգությունը։ Այստեղ ևս սանձարձակություն է տիրում. ով ինչ ուզում խոսում է, ինչ ուզում ներկայացնում է ազատ խոսքի տակ։ Իհարկե, ամեն ինչ լավ փաթեթավորված է, մարդիկ, որոնք իրենց իշխանության ժամանակ ազատ խոսք հասկացությունից ալերգիա ունեին, թերթեր ու հեռուստատեսություններ էին փակում, հիմա հղում են կատարում ազատ խոսքին։ Նրանք գիտեն, որ կրիմինալով պետք է ձերբակալվեն, բայց նախորդ օրը հայհոյում են երկրի ղեկավարությանը, որ հաջորդ օրն ասեն՝ «բա տեսաք՝ հայհոյեցինք, դրա համար ձերբակալեցին»: Այս մանիպուլյացիաները, պետական անվտանգությանը սպառնացող հայտարարությունները չեն կարող լինել ազատ խոսքի մաս։ Բայց նույնիսկ առաջին դեպքում որևէ մեկը ՀՀ-ում չի ձերբակալվել, սակայն սահմաններ են պետք: Այդ սահմանները, այո, հաճախ գծվում են ոչ օրենքի ձեռքով, ոչ պետական պարտադրանքով, ավելի շատ՝ էտիկետով, հանրույթի ներքին պայմանավորվածությամբ, բայց սահմանները քաղաքակրթության ցուցիչ են։
Մենք կողմնակից չենք խիստ օրենքների, որոնք իրենց բնույթով նահանջ կլինեն ազատությունից։ Սակայն, ի վերջո, չի կարելի խոսել անվտանգությունից ու պնդումներ անել անհիմն և պատասխան չտալ։ Հասարակական գիտակից պահանջ է պետք։ Ի վերջո, ինչպես ասում էր Ռուսսոն, խղճի ու մտքի օրենքը ավելի զորեղ է, քան գրչինը։ Պլատոնը պնդում էր, որ պիտի կառավարեն նվիրյալները, իսկ Արիստոտելը հիմնավորում էր, որ ժողովրդավարությունն է ճիշտ, և այն մշտական հակակշիռների պայքարով է կայուն։
![]()