![]()
Ստեփանավանում ընտրակաշառքի դեպքով ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն և ևս 13 հոգի։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։
Նա նշեց, որ սա իրենց համար նորություն չէր, և վստահ էր, որ վաղ թե ուշ նման հաղորդագրություն լինելու է։
«Այս մարդիկ այլ կերպ չեն կարողանում։ Եվ դա ապացուցել են ոչ միայն նրանց նախահայրերը, այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը, տասնամյակներ շարունակ, այլ իրենք՝ համապետական ընտրություններին։ Այս մարդիկ ընտրություններին մասնակցելու այլ ձև չգիտեն, իրենք գիտեն՝ էդ է ձևը՝ գումարը տան, քվեն ստանան»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ երևի պետք է դասընթաց անցկացնել, ասել, որ քվեն գին չունի, դա առուծախի բան չէ, երևի չգիտեն, որովհետև հանրապետականները աչքները բացել են, էդ են տեսել։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարում են, որ սա իշխանությունների կողմից ճնշում է, և որ դա ընտրակաշառք չէ։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ պարզ է՝ պետք է ասեն, որ ճնշում է։
«Նրանք նաև այդ «ճնշումները» որպես հիմք են բերում ընտրություններին չմասնակցելու համար։ Բա ասում էին, թե ՔՊ-ի թևերը կտրելու ենք ՏԻՄ-երում, ՏԻՄ-երից ենք սկսելու, վերցնելու ենք ՏԻՄ-երը, հետո՝ ամբողջ պետությունը, հիմա տեսանք, որ 20-ից ավելի համայնքներում ընտրություններ են, և «Ուժեղ Հայաստանը» մասնակցում է ընդամենը մեկ համայնքում։ Էն էլ տեսանք, թե ինչ մեթոդով են մասնակցում»,- հավելեց պատգամավորը։
![]()