Շատերին եմ վարակել Սոկոլովի արվեստի հանդեպ իմ պաշտամունքի ալիքներով. հայտնի դաշնակահարը գալիս է Հայաստան

2026թ. թվականի նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում բացառիկ մենահամերգով հանդես կգա մեր ժամանակների դաշնակահար Գրիգորի Սոկոլովը:

Նրա այցը Հայաստան իրականություն է դարձել բժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանի հետևողական ջանքերով։

Այս և այլ մշակութային հարցերի շուրջ մեր զրույցը Վարդապետյանի հետ կայացավ Օհան Դուրյանի թանգարանում, և ինչպես Վահան Վարդապետյանը խոստովանեց, իր համար փոքրիկ սրբավայրում, ուր «թևածում են» իր պաշտելի մաեստրոյի շունչը և ոգին։

Վարդապետյանը հատուկ ընդգծեց. «Օհան Դուրյանի հզոր արվեստն ու անհատականությունը դասական երաժշտարվեստի երկրպագուից ու երաժշտասերից ինձ դարձրին երաժշտության խոր գիտակ և նվիրյալ։ Ապացույցը իմ բուռն և արդյունավետ մշակութային գործունեությունն է հանուն բարձրարժեք արվեստի և մեր հասարակության մշակութային վերելքի»:

— Պարո՛ն Վարդապետյան, դեռ սեպտեմբերի սկզբին հայտնեցիք նոյեմբերին սպասվող երաժշտական իրադարձության մասին, այն է՝ նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա Ձեր բնութագրմամբ՝ համաշխարհային կատարողական արվեստի մեծագույն երևույթ, դաշնամուրային արվեստի անզուգական վարպետ Գրիգորի Սոկոլովը: Ես տեղյակ եմ, որ Ձեր անմիջական դերակատարման շնորհիվ է կայանելու մշակութային այս իրադարձությունը: Տեղյակ եմ նաև, որ Սոկոլովի արվեստի բազմաթիվ սիրահարներ պատրաստվում են արտերկրից գալ Հայաստան և մասնակից դառնալ այս համերգին: Ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել սպասվող մշակութային իրադարձության վերաբերյալ:

— Իմ կարծիքով՝ Գրիգորի Սոկոլովին բնութագրել որպես վիրտուոզ, կատարյալ, հրաշալի, բացառիկ… դաշնակահար թերի կլինի: Գրիգորի Սոկոլովն ունի այնպիսի՜ յուրահատկություն, այնպիսի ներաշխարհ, այնպիսի հնչողություն և այնպիսի փիլիսոփայություն, որոնց շնորհիվ իր կատարումները վերածվում են երկխոսության Աստծո հետ, երկխոսության կոմպոզիտորի հետ, երկխոսության հանդիսատեսի հետ և վերջապես երկխոսության դաշնամուրի հետ։

Նա տասնյակ տարիներ դաշնամուրային արվեստի իմ կուռքն է՝ անհասանելի, անգերազանցելի, անկրկնելի. բոլոր ածականները տեղին են: Նա ինձ այնպիսի խոր էմոցիաներ է պարգևում, որ իր յուրաքանչյուր կատարում դառնում է անկեղծ ու տպավորիչ վերլուծության աղբյուր։ Նրա դադարներն անգամ կարծես իմաստավորված կենդանի խոսք լինեն. ապշել կարելի է։ Երբ նվագում է, ինքը և դաշնամուրը մեկ ամբողջականություն են դառնում: Ասում է՝ մենք միասին ենք նվագում, հարգում և մեծարում է իր գործիքը, վերաբերվում նրան որպես անհատականության։

Վերջերս կլանված լսեցի Բրամսի դաշնամուրի թիվ 3 սոնատը իր կատարմամբ, որից հետո այլևս չկարողացա այլ մեկնաբանությունների հետ «հարմարվել»: Այն գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը, միտքը, բովանդակությունը, որ նա է հաղորդում և փոխանցում, չես գտնի այլ տեղ:

— Շատ հուզիչ և տպավորիչ ներկայացրիք Սոկոլովի արվեստի հանդեպ Ձեր ակնածանքը։

— Չափազանցրած չեմ լինի, եթե ակնածանքից անցել եմ պաշտամունքի. երբ ներկա եմ գտնվում իր կենդանի համերգներին, առաջին իսկ հնչյունից, առաջին իսկ վայրկյանից ներքաշվում եմ նրա դաշտը, թափանցում նրա ներաշխարհը, գտնվում իր հետ աղոթքի մեջ, ճանապարհորդում իր էմոցիաներով…։

Շատերին եմ վարակել Սոկոլովի արվեստի հանդեպ իմ սիրո և պաշտամունքի ալիքներով: Հաճույքով և հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դասական երաժշտարվեստի, հատկապես դաշնամուրային արվեստի գիտակ է և Սոկոլովի մեծ երկրպագու, տասնյակ տարիներ մենք տեսանյութերով փոխանակվել ենք և մեր տպավորությունները քննարկել։ Ահա և այս առիթից օգտվելով՝ երախտագիտությունս եմ հայտնում պարոն նախագահին, որը չմերժեց և սիրով պաշտոնական հրավեր գրեց։ Խնդրեցի մաեստրո Թոփչյանին կապ հաստատել Սոկոլովի մենեջերի հետ։

— Ի վերջո, անմիջապես կայացա՞վ Ձեր անչափ սպասելի հանդիպումը:

— Հանդիպումը կայացավ Ֆրանկֆուրտի հրաշալի համերգից հետո, հուզված ու զմայլված մոտեցա նրան և հայտնեցի, որ տասնյակ տարիներ գրեթե ամեն օր լսում եմ իրեն, իր երաժշտությունը, և ինքը ամեն օր ինձ հետ է, և ես ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե համաձայնի համերգով հանդես գալ Երևանում, ապա իրեն հանձնեցի պաշտոնական հրավերը։ Ժպտաց, ջերմորեն շնորհակալություն հայտնեց, իսկ մենեջերն ինձ ասաց՝ դա անհնար բան է. Սոկոլովը Եվրոպական տարածաշրջանից երբեք դուրս չի գալիս: 2018 թվականից հետո նույնիսկ իր ծննդավայրում՝ Պետերբուրգում, համերգ չի ունեցել, ապրում և ստեղծագործում է Եվրոպայում (տարեկան շուրջ 70 մենահամերգով հանդես է գալիս եվրոպական տարբեր քաղաքներում):

Տարին երկու-երեք անգամ մասնակցել եմ իր համերգներին: Յուրաքանչյուր համերգի ավարտից հետո հանդիպում, կարճատև զրույց եմ ունենում, իր հետ լուսանկարվում և վերադառնում…։ Բայց մի օր՝ Բարսելոնայի համերգից հետո, կրկին հանդիպեցի ինձ շատ հարազատ դարձած մաեստրոյին, նայեց ինձ ու ասաց՝ պայմանավորվեք մենեջերի և օգնականի հետ իմ երևանյան համերգի համար։ Ուրախությանս չափ ու սահման չկար, հավատս չէր գալիս, որովհետև իր հայտագրերում միայն Կենտրոնական Եվրոպայի երաժշտական մայրաքաղաքներն են: Անմիջապես զանգահարեցի մաեստրո Թոփչյանին և հայտնեցի լուրը:

Կյանքում միշտ համոզվել եմ՝ եթե մի բան շատ ես ցանկանում, մեծ սեր ունես, դա քեզ դրդում է սխրանքների, աներևակայելի իրողությունների, մեծ գործողությունների:

Փառավորվում է հոգիս, որ հնարավոր դարձավ այս մեծագույն երաժշտի մենահամերգը իրականացնել Հայաստանում: Կատարողական արվեստի այս մասշտաբի երաժիշտ ե՞րբ է վերջին անգամ Հայաստան եկել, այն էլ իր աստեղային կարգավիճակում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ողջ աշխարհի դաշնամուրային արվեստի երկրպագուների ուշադրությունը սևեռված է դեպի Երևան, արդեն շատերն են տարբեր երկրներից ինձ տեղեկացրել, որ համերգին ներկա են գտնվելու։

— Սեպտեմբերի սկզբին երաժշտասեր հանրությանը ևս մեկ լուր հայտնեցիք առաջիկայում սպասվող մի երաժշտական իրադարձության մասին, այն է՝ 2027թ. փետրվարի 14-ին իտալացի երգիչ Վիտտորիո Գրիգոլոն կրկին հանդես կգա Երևանում: 2025 թվականի համերգին, որին ինքս ներկա էի, հիշում եմ, թե հանդիսատեսը ինչպիսի հոգևոր և մշակութային ճախրանքի մեջ էր և ձայնակցում էր գրեթե բոլոր կատարումների ժամանակ: Տեղյակ եմ, որ Դուք մշտապես կապի մեջ եք արտիստի հետ։ Ինչպե՞ս ծնվեց ևս մեկ մենահամերգ անցկացնելու գաղափարը: Ինչո՞ւ է ընտրվել փետրվարի 14-ը, և այս անգամ ի՞նչ ուղերձ է հղելու երաժշտական երեկոն:

— Հռոմում և Բեռլինում ներկա եմ գտնվել իր համերգներին, հիացել ու տպավորվել իր կատարումներով։ Խորությամբ ուսումնասիրեցի իր բազմազան և բազմալեզու երկացանկը, այնուհետև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ քննարկումներ ունեցա, որը օպերային երգիչների հետ աշխատելու մեծ փորձառություն և վարպետություն ունի: Մի քանի ամիս անց Թոփչյանն ինձ ասաց, որ մեծ անակնկալ ունի, այն է՝ Գրիգոլոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հրավիրելու Հայաստան, որից ես անչափ ուրախացա: Եվ ահա 2025 թվականի հոտեմբերի 21-ին Գրիգոլոն ժամանեց Հայաստան և Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն համերգասրահում հայ հանդիսատեսին պարզապես գերեց ու հիացրեց:

Հարկ է նկատել, որ համերգային երեկոյի ընթացքում հանդիսատեսը ակտիվ մասնակցում էր, ձայնակցում և նկարահանում նրան: Համերգից հետո շուրջ մեկ ամիս այդ տեսանյութերը պտտվում էին համացանցում: Առ այսօր մարդիկ մոտենում են ինձ, ցանկություն հայտնում ևս մեկ անգամ երգչին տեսնելու և լսելու: Ուզում եմ հիշեցնել, որ Գրիգոլոյին նույնիսկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալեց իր նստավայրում: Շատ տպավորիչ, ջերմ հանդիպում էր, և այդ ժամանակ խոսակցություն եղավ հաջորդ ելույթի համար: Հաշվի առնելով այդ քննարկումը և մեր հանրության ցանկությունը, ինչպես նաև Գրիգոլոյի մեծ համակրանքը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ՝ մաեստրո Թոփչյանի հրավերով նա երկրորդ անգամ հանդես կգա Հայաստանում։

Իտալացի տենորն այս անգամ կկատարի Շառլ Ազնավուրի, ինպես նաև իտալական սիրային երգեր։ Հարկ է ընդգծել, որ նա Ազնավուրի երգերը կատարում է իրեն բնորոշ զգացմունքայնությամբ: Վստահ եմ՝ մեր հանդիսատեսին շատ է դուր գալու: Համերգի օրն էլ պատահական չէ ընտրված. Սիրահարների օրը՝ փետրվարի 14-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

— Պարո՛ն Վարդապետյան, Դուք մեծ ջանքեր եք գործադրում դասական արվեստի պահպանման և տարածման գործում: Հայ երիտասարդությունը արդյոք գնահատո՞ւմ է դասական երաժշտությունը՝ հաշվի առնելով, որ այսօր առավել տարածված են էստրադային և ռեստորանային երգերն ու կատարումները:

— Թե՛ քաղաքականության մեջ, թե՛ արվեստում պետք է կարողանանք պահանջարկ ձևավորել: Օրինակ՝ ինչո՞ւ է վարչապետը այդքան խոսում, գաղափարախոսություն զարգացնում խաղաղության, իրական Հայաստանի, երկրի անվտանգության մասին, որովհետև եթե այս պահանջարկը չձևավորվի, նորից ինչպիսի՞ գաղափարներ պետք է գերիշխեն: Նույն մոտեցումը պետք է ունենանք մշակույթում: Ի տարբերություն շատերի՝ ես սուր չեմ ճոճում, որ ռաբիսը պետք է վերացնել: Չէ, ես ամեն օր անում եմ այն գործը, որը անում եմ. ձևավորում եմ այդ պահանջարկը:

Կարևոր է նաև, որ պահպանենք համամասնությունը. պետք է հնչի և՛ ազգային, և՛ դասական, և՛, ինչու ոչ, նաև այն, որի հետևից մեծամասնությունը գնում է: Մենք նաև պետք է զերծ մնանք չափազանցված, անհարկի, անփույթ ճոռոմաբանություններից, մաեստրո ամեն մեկը չէ, աշխարհահռչակ ու համաշխարհային դեռ չեն, ում նկատի ունեն, ամեն ինչ գեղեցիկ ու ընկալելի է չափի մեջ։ Ինձ համար իրական ու մեծագույն մաեստրո են Օհան Դուրյանը, Գրիգորի Սոկոլովը, որոնք նաև աննկարագրելի մարդկային մեծություններ են։

Իմ գործունեությունը վաղուց ի վեր առնչվում է մեր մշակութային ամենաբարձր արժեքը համարվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և մաեստրո Թոփչյանի հետ, որի վաղեմի երկրպագուն, բարեկամն ու գործընկերն եմ համարում ինձ։ Հաճելի և արդյունավետ համագործակցության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում մաեստրո Թոփչյանին և ֆիլհարմոնիկի բոլոր ժամանակների լավագույն տնօրեն Նորայր Նազարյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ