![]()
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Գ․-ն, նախկինում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում զբաղեցնելով էլեկտրացանցի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով նույն ընկերության փականագործ Ռ․ Բ․-ի ղեկավարը, վերջինիս հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ա․ Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է Ռ․ Բ․-ի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու նախապատրաստություն։
Մասնավորապես Ս․ Գ․-ն, օգտագործելով նախկինում ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը, 2026 թվականի հունվարին Ռ․ Բ․-ին հրավիրել է Շիրակի մարզի Մարալիկ բնակավայր և հանդիպել նրան, իսկ Ա․ Գ․-ն, օգտագործելով իր ընկերական հարաբերությունները, 2025 թվականի սեպտեմբերին գնացել է Ռ․ Բ․-ի բնակության վայր։
Հանդիպումների ժամանակ նշված անձինք Ռ․ Բ․-ին հորդորել են 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ՝ Ս․ Գ․-ի և Ա․ Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստությունը):
Ս․ Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Ա․ Գ․-ին ձերբակալելու որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
![]()