![]()
«ԵԱՏՄ զեկույցում էլ է նշված, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել կազմակերպությունից»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին։
«Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում՝ հետաքրքիր է, թե ինչու, օրինակ, ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է՝ կեսկատակ ռեժիմով կարող է ասել հետևյալը. «Մեր պատմության մեջ երևի առաջին անգամն է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ մեզ անուղղակի կերպով ասում են, թե կհեռացնենք մեզնից»։
Փաշինյանի խոսքով՝ նման դեպք հայ ժողովրդի պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել, հետևաբար սա հատկանշական է արձանագրելու համար։
«Նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին սպասված հետևանքների։ Դա Հայաստանում ներքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ դեպքն է լինելու վերջին 3 տարվա ընթացքում, որովհետև տեսնում եմ, որ ՀՀ-ում էլ, ՀՀ-ից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձելու են օգտագործել ոչ միայն Հայաստանում քաղաքական անկայունություն հրահրելու համար»,- նկատել է Փաշինյանը։
Նա նշել է՝ այս հարցում տնտեսական բաղադրիչ չկա, կա քաղաքական բաղադրիչ։
«Նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է և Հայաստան պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելը, դե ֆակտո և դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը։ Համոզված եմ, որ Հայաստանի պետությունը բավարար չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝ «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»:
Դրանում արտացոլված է, թե ինչպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կարող է անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա:
![]()