Ինչու պետք է Առուշանյանին «վերբովկա» անեինք. «Ուժեղ Հայաստանի» համար կաշառք բաժանելը արժեհամակարգ է. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ի համար կաշառք բաժանելը արժեհամակարգ է և ձեռագիր:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Ստեփանավանում իրականացվող քննչական գործողություններին:

«Կաշառքը նրանց հենասյունն է: Մտածում են, թե անպատժելիություն է»,- նկատում է նա:

Հարցադրմանը՝ ինչու է ընդդիմությունը քիչ համայնքներում մասնակցում ընտրություններին, վերջինս ասում է. «Շանս չունեն, դրա համար: Իրենց պոտենցիալ թեկնածուները նախկին գյուղապետներն են, որոնք ոչինչ չեն արել, անտերության են մատնել գյուղերը, մի ասֆալտապատած փողոց չկա»:

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վրա ճնշումներ գործադրվե՞լ են. Հակոբյանը շեշտում է. «Եթե ճնշող լինեինք, բոլորին էլ կճնշեինք էլի: Հիմա ՔՊ-ն ավելի լավ դիրքերում է, ինչո՞ւ պետք է Առուշանյանին «վերբովկա» անեինք: Պարզապես մենք տեսնում ենք, որ նա աշխատում է»:

Արդյոք «Քաղաքացիական պայմանագրում», այսպես ասած, «հանրապետականացվելու» վտանգ չե՞ն զգում. իշխող խմբակցության ղեկավարը ընդգծում է. «Չեմ կարծում, որ գլոբալ առումով հանրապետականացվելու ռիսկը ունի մեր ուժը, մենք չենք կարող գլորվել Հանրապետականի մակարդակի: Ամեն դեպքում պետք է զգոն լինենք, որ ժողովրդից չկտրվենք»:

Ինչ վերաբերում է ԱԷԿ-ին և երկաթուղուն, Վոլոդյա Հակոբյանն ասում է. «Մենք պետք է ադեկվատ որոշումներ կայացնենք՝ հիմքում դնելով Հայաստանի շահը: Քաղաքական առումով խնդրահարույց է, որ երկաթուղին սպասարկի ՌԴ-ն, բայց ամեն ինչ պետք է անենք, որ այն ԹՐԻՓՓ-ի համար աշխատի: ԹՐԻՓՓ-ը խաղաղության երաշխավորներից մեկն է և Հայաստանին տալիս է կշիռ: ԹՐԻՓՓ-ի գործարկումից հետո մի կրակոցը աշխարհին խառնելու է իրար»:

Ըստ նրա՝ գործիքակազմ չկա, որ ՀՀ-ին ԵԱՏՄ-ից դուրս թողնեն:

Միաժամանակ Հակոբյանը նկատում է՝ Ռուսաստանի ցանկությունն է, որ Հայաստանը մեծապես կախված լինի իրենից. «Բայց մենք ասում ենք, որ գնում ենք դիվերսիֆիկացման ճանապարհով՝ մեր բոլոր հարևան և բարեկամ երկրների շահերը հաշվի առնելով ցանկացած գործողություն անելիս»:

Հակոբյանը նաև նշում է, որ այս պահին ԵԱՏՄ-ԵՄ հարցի հետ կապված հանրաքվե անցկացնելու օրակարգ չունի Հայաստանի իշխանությունը՝ միաժամանակ հավելելով. «Մենք պետք է դառնանք ԵՄ ստանդարտներին համապատասխան երկիր»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ