![]()
Հայաստանին չեն կարող հեռացնել Եվրասիական տնտեսական միությունից առանց նրա ցանկության, նույնիսկ եթե մյուս անդամ պետությունները նման մտադրություն ունենան։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման վերաբերյալ հրապարակումներին՝ պատգամավորը նշել է, որ նման մտավախություն չունի։
«Չկա հիմա նման մտավախություն։ Հայաստանի Հանրապետությունը չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն»,-ասել է Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը միությունից դուրս գալու ցանկություն չի հայտնել։
«Հայաստանը դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»,– շեշտել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝ «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»:
Դրանում արտացոլված է, թե ինչպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կարող է անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա:
![]()