Ուկրաինայի ընկնելու դեպքում Մոսկվան հնարավորություն կունենա ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Հայաստանին, թելադրել իր կամքը. Դավիթ Ստեփանյան

«Եթե Ուկրաինան մնում է միայնակ, թուլանում է և պարտվում է ռուսների դեմ պատերազմում, հաջորդը մենք ենք լինելու՝ հետխորհրդային տարածաշրջանի երկրները: Այնպես, որ Ուկրաինան անուղղակիորեն պաշտպանում է մեր բոլորի շահերը»: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև ռուսական դիզվառլիքի մատակարարման շուրջ ձեռքբերված համաձայնության, ԱՄՆ-Կիև լարվածության և Եվրոպայում սկսված ցույցերի հավանական ազդեցությանը Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա:

Ըստ Ստեփանյանի՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ մեզ համար ամենաանհանգստացնողը Եվրոպայում՝ Ֆրանսիայում ու Իտալիայում այժմ ընթացող բողոքի ցույցերն են, որոնք աշխատում են ի օգուտ աջակողմյան ուժերի:

«Ինձ ավելի շատ են հուզում և անհանգստացնում այն տենդենցները, որ այս օրերին նկատվում են Եվրոպայում: Մենք տեսնում ենք, որ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում կայացած ընտրություններում հաղթել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը: Տեսնում ենք, որ Ֆրանսիայում կատարվողը լրջորեն բարձրացնում է ծայրահեղ աջ «Ֆրանսիայի ազգային ճակատի» ազդեցությունը և մեծացնում դրա առաջնորդ Մարին Լը Պենի երկրի ղեկավար դառնալու շանսերը: Թե՛ Լը Պենը և թե՛ Գերմանիայում ծայրահեղ աջակողմյան գործիչները բազմիցս են հայտարարել, որ իրենք Ուկրաինային աջակցելու անհրաժեշտություն չեն տեսնում, և որ իրենց իշխանության գալու դեպքում փորձելու են կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ: Այսինքն՝ Ուկրաինան տուժելու է»,-ասաց Ստեփանյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ ուկրաինական պատերազմը հետխորհրդային տարածաշրջանում լրջորեն թուլացրել է նախագահ Պուտինի ամբիցիաները, որովհետև, ըստ էության, բախվել է մի խնդրի, որը չի կարող լուծել: Ավելին, Ստեփանյանը նշեց, որ շրջանառվող որոշ վարկածների համաձայն՝ ֆրանսիական քաղաքներում կատարվողի հետևում կանգնած է Ռուսաստանը, որովհետև Մոսկվայում լավ հասկանում են, որ նման իրադարձությունները բարձրացնում են աջերի իշխանության գալու հավանականությունը, որից հետո Ֆրանսիան ուղղակի դուրս կգա փաստացի ձևավորված «հակառուսական» ու «հակապուտինյան» կոալիցիայից:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող են Ֆրանսիայում աջերը ընթացիկ բողոքի ակիցաները օգտագործել ի օգուտ իրենց, քաղաքագետը բացատրեց. «Լը Պենը խոստանում է կասեցնել անօրիանկան ներգաղթը, մաքրել երկիրը արդեն ներգաղթածներից, փակել սահմանները և այսպիսով լուծել այս խնդիրը: Հասկանալի է, որ ցանկացած շարքային ֆրանսիացու համար դուրեկան չէ, որ ինչ-որ ներգաղթյալներ եկել ու թալանում են իր ունեցվածքը: Չնայած թալանողների ու ավերողների մեջ կան նաև ֆրանսիացիներ՝ տեղացիներ, սակայն խնդիրը ընկալվում է ներգաղթյալների համատեքստում: Աջերը խաղալու են այս ամենի վրա և դրանք օգտագործելու են ընտրություններում: Ոչ ոք չի ասում, որ խնդիրը հենց մուսուլմանների կամ այլ ներգաղթյալների մեջ է, դա հարցի մի մասն է, սակայն աջերը կներկայացնեն այնպես, որ ողջ խնդիրը միայն դա է և իրենք կկարգավորեն միգրացիոն քաղաքականությունն ու ամեն բան լավ կլինի: Ընտրություններում էլ մարդիկ շարժվելու են զգացմունքային ձևով և սա իրապես կարող է նրանց համար իշխանության գալու հնարավորություն լինել: Սակայն խնդիրը ավելի խորն է՝ կապված վառելանյութի թանկացման, դրա հետևանքով արտաքին շուկաներից կախվածության, այլ ոլորտներում չդադարող գնաճի հետ: Հետևաբար միայն միգրացիոն քաղաքակաության կարգավորմամբ որևէ բան չի փոխվի»:

Ստեփանյանը հավելեց, որ ստեղծված իրավիճակում անկում է ապրել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ռեյտինգը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռուսական դիզելային վառելիքի արտահանման շուրջ Պուտինի ու Թրամփի գործարքն և ՌԴ դեմ պատժամիջոցների կասեցումը չի նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն՝ քաղաքագետը նշեց. «Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ ԱՄՆ քաղաքականության մեջ և առհասարակ ամերիկյան ընկալումներում փոփոխություն չկա: Եղելությունը բավականին պարզ է. Թրամփը պատրաստվում է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին և այս ֆոնին երկրի ներսում և ընդհանրապես աշխարհում բավականին աճել է դիզվառելիքի գինը: Այս ամենն էլ իր հերթին Իրանի դեմ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախաձեռնած պատերազմի հետևանքն է: Հիմա՝ ընտրությունների նախաշեմին թե՛ դեմոկրատները, և թե՛ հանրապետականները Թրամփին մեղադրում են նման իրավիճակ ստեղծելու համար, իսկ ընտրողը, ինչպես միշտ, հետաքրքրված է սեփական բարեկեցությամբ: Այս ամենի արդյունքում ԱՄՆ նախագահի վարչակազմի համար անհրաժեշտություն է ձևավորվել նվազեցնել և կարգավորել դիզվառելիքի գինը: Ներկա պահին սրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի հետ համագործակցությունն է, որտեղ չնայած բենզինի բացակայությանը՝ կա դիզվառելիքի մեծ պաշար: Սա գիտակցելով Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գնացել է այսպիսի գործարքի: Սա իրավիճակային գործարք է»:

Ստեփանյանը նաև նշեց, որ Վաշինգտոնի նման քաղաքականությունը շարունակելու է ճեղքվածքներ ավելացնել ՆԱՏՕ-ի և ԵՄ դաշնակիցների հետ հարաբերություններում: Ըստ նրա՝ սրանք առաջին հերթին պայմանավորված են հենց Թրամփի նախագահության հանգամանքով, քանի որ հենց նա իր դաշնակիցներից ոչ միայն պահանջում է Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ պաշտպանական ծախսերի կրկնապատկում կատարել, այլ նաև մեծ մաքսատուրքեր է սահմանում նրանց համար:

Ըստ քաղաքագետի՝ դեռ վաղ է խոսել Եվրոպայի համար լուրջ անվտանգային ռիսկերի կամ անվտանգության ճարտարապետության փլուզման մասին, սակայն Ուկրաինայի պարտության դեպքում խնդիրը այստեղ կարող է դառնալ այն, որ Ռուսաստանը իր դիրքերը կամրապնդի ԵՄ սահմանների մոտ: Ըստ նրա՝ նման սցենարի դեպքում Եվրոպան կկարողանա գտնել իր համար անվտանգության ապահովման նպաստավոր լուծման ճանապարհներ:

«Անվտանգության ռիսկեր ոչ թե Եվրոպայի համար են առաջանալու, այլ հետխորհրդային տարածաշրջանի երկրների համար: Ուկրաինայի ընկնելու դեպքում Մոսկվան արդեն հնարավորություն կունենա ԱՊՀ երկրներին՝ թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, թե՛ Մոլդովային, թե՛ Ղազախստանին, թե՛ Ղրղզստանին ու Միջին Ասիայի մյուս երկրներին հերթով թելադրել իր կամքը»,-ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի հանդեպ Դոնալդ Թրամփի նման քաղաքականությունը չի կարող հարվածել Հարավային Կովկասում նրա հանդեպ ձևավորված վստահությանը՝ մասնավորապես ԹՐԻՓՓ-ի իրագործման համատեքստում՝ Ստեփանյանը ասաց. «Երբեք չի կարելի որևէ արտաքին ուժի վստահել՝ լինի դա ԱՄՆ, Ֆրանսիա թե Ռուսաստան: Պետք է հիշել, որ ցանկացած պահի ներքին քաղաքականությունից դրդված նույն Թրամպը, Պուտինը կամ իշխանության գալու դեպքում Լը Պենը, կարող են այնպես անել, որ քո շահերը ոտնահարվեն: Սա այն պատճառով, որ նման գործիչների համար ամենակարևորը իրենց ընտրվելն է, այստեղ առաջնայինը քաղաքական պոպուլիզմն է և վերջիվերջո իր երկրի շահը: Հիմա ԱՄՆ-ի և Հայաստանի շահերը համընկնում են տարածաշրջանում: Այն ինչ մենք ունենք այս պահին, այդ համընկնման արդյունքն է: Սակայն սա չի նշանակում, որ նույն Թրամփը կամ մեկ ուրիշը, երբ տեսնի, որ Հայաստանում իր շահերը զիջելով օրինակ՝ Ռուսաստանին, Ադրբեջանին կամ Թուրքիային ու դրանից շահում է գլոբալ մակարդակով, ապա կարող է հանգիստ դա անել: Ընդհանրապես վստահությունը քաղաքական կատեգորիա չէ»:

Ըստ քաղաքագետի՝ բալանսավորված ու բալանսավորող քաղաքականությունը միակ հանարավոր քաղաքականությունն է, որը թույլ է տալիս Հայաստանին «մնալ ջրի երեսին որպես երկիր, որպես պետականություն»:

«Որևէ մեկը չի ասում, որ հիմա պետք է ամեն ինչ տանք ԱՄՆ-ին այնպես, ինչպես ժամանակին տվել ենք Ռուսաստանին: Հավերժ դաշնակիցներ չկան, շահերն անընդհատ փոփոխվում են: Այս առումով Թրամփի ու Պուտինի միջև դիզելային գործարքը դրա վառ ապացույցն է: Պետք է սրան նայենք ու մեր եզրահանգումներն անենք: Չի կարելի բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղում՝ լինի դա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի թե Ռուսաստանի զամբյուղը»,-ասաց Ստեփանյանը:

Նա նաև նշեց, որ եթե Եվրոպայում լինի քաղաքական որոշում, ապա Ուկրաինային ԱՄՆ-ի հավանական աջակցության դադարեցման դեպքում ԵՄ երկրները կկարողանան լրացնել այդ բացը:

«Գործող ԵՄ ղեկավարությունը՝ հանձինս Ֆոն Դեր Լայենի, Գերմանիայի իշխանությունները՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիան՝ Մակրոնի գլխավորությամբ հասկանում են, որ Ուկրաինայի խնդիրը դա համաեվրոպական խնդիր է: Նրանք նաև պատրաստակամ են ԱՄՆ-ի նման քաղաքականության դեպքում աջակցել Ուկրաինային, վերջիվերջո ամերիկյան մատակարարումների համար վճարում է ԵՄ-ն, ԱՄՆ-ն ոչ մի բան չի նվիրում Ուկրաինային»,-հավելեց Ստեփանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ