ԻՊՀԿ անունից՝ առանց պաշտոնական աղբյուրի․ Ադրբեջանի «նախապատրաստած ռազմական սադրանքի» լուրը․ FIP

Հոկտեմբերի 20-ին հայաստանյան «Փաստինֆո» լրատվականը հրապարակել է «Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական սադրանք է պատրաստում՝ հիջաբի թեման «ցրելու» համար» գլխագրով նյութ՝ պնդելով, թե տեղեկության աղբյուրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram-ում պաշտոնական ալիքն է։

Լուրի համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների՝ երկրի կրթական հաստատություններում հիջաբի սահմանափակմամբ պայմանավորված բողոքից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տեղեկությունը ու դրա սկզբնաղբյուրը։

Ռուսալեզու քարոզչական ալիքը՝ «պաշտոնական ռեսուրս»
Այսպես, Telegram-ում գործում են ԻՀՊԿ-ի անվանումը, խորհրդանիշները և ռազմական կառույցի հետ ասոցացվող ձևավորումն օգտագործող ալիքներ․ դրանցից է Канал КСИР | سپاه پاسداران ռուսալեզու ալիքը, որն էլ այս տեղեկության սկզբնաղբյուրն է։

Ավելին, FIP.am-ն ավելի վաղ պարզել էր, որ հայաստանյան տեղեկատվական տիրույթում որպես ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ալիք ներկայացվող էջը չկա ԻՀՊԿ-ի պաշտոնական էջերի ու հաշիվների ցանկում։

image1-7-750x450.png (166 KB)

Կորպուսը նախկինում հրապարակել է սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում իր ռեսուրսների հասցեները, համաձայն որի՝ Telegram-ում այն ներկայացված է sepahnews.ir ալիքի միջոցով։

Սրան զուգահեռ, Կորպուսի պաշտոնական ռեսուրսները՝ այդ թվում նաև պաշտոնական տելեգրամյան ալիքը, նման հրապարակում չեն արել։

Հատկանշական է, որ որպես էջի վարման լոկացիա էր նշված Ռուսաստանի Դաշնությունը, ալիքի նկարագրության մեջ նշվում է, որ այն լուսաբանում է Իրանի զինված ուժերի վերաբերյալ նորությունները։

Ավելի վաղ, հայաստանյան ԶԼՄ-ները, հիմնվելով այս տելեգրամյան ալիքի վրա, իրանցի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավիին էին վերագրել հայտարարություն ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. ըստ տարածվող լուրի՝ իրանցի գեներալը, մասնավորապես, ասել էր, թե ԹՐԻՓՓ նախագծի շուրջ «չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր շփման կետ Հայաստանի հետ»։

Մինչդեռ իրանական պաշտոնական ու բաց աղբյուրներում չկային հրապարակումներ, որոնք կհաստատեին Սաֆավիի կողմից նման հայտարարություններ անելը։

Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցում ԻՀՊԿ-ին վերագրված ռազմական սադրանքի մասին տեղեկությունը չունի հաստատված պաշտոնական սկզբնաղբյուր․ ԻՀՊԿ-ի անունով գործող Telegram ալիքը կառույցի պաշտոնական հաղորդակցության աղբյուր ներկայացնելը մոլորեցնող է։

Այսպիսով, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական սադրանքի նախապատրաստման մասին պնդումը պաշտոնապես չհաստատված տեղեկություն է՝ հրապարակված նախկինում Հայաստանի լսարանը չհաստատված ու կեղծ լուրերով թիրախավորած տելեգրամյան ալիքի կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ