ԵԱՏՄ երկրները կարող են Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել. այդ դեպքում կթանկանա գազը

ԵԱՏՄ անդամ երկրները, միջազգային իրավունքին համապատասխան, կարող են որոշում կայացնել ժամանակավորապես կասեցնելու Հայաստանի մասնակցությունը Միությանը՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիսկերը։

Այս մասին ասվում է ԵԱՏՄ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միջկառավարական խորհրդի անդամների համատեղ զեկույցի մեջ՝ արված Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։

«Ըստ կանխատեսումային գնահատականների՝ ԵԱՏՄ-ին մասնակցության կասեցումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների վատթարացմանը։ Հայաստանի համախառն ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ կնվազի ավելի քան 55%-ով. Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանումը կկրճատվի ավելի քան 65%-ով, իսկ ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծումը՝ գրեթե կիսով չափ:

Հայաստանի Հանրապետության կողմից գազի ներկրումը արժեքային արտահայտությամբ կաճի 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով՝ 389-ից հասնելով 657,5 միլիոն դոլարի»,- ասված է փաստաթղթում։

Պարզաբանվում է, որ ԵԱՏՄ անդամ պետություններից հանրապետության կողմից գազի ներկրման սցենարային գնահատումը ելնում է հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գնից՝ մատակարարումների ֆիզիկական ծավալի պահպանման դեպքում։

«Հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գործող բազային գնի համեմատ գնի աճը կկազմի շուրջ 69%»,- ավելացվում է զեկույցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ