Բողոքի ալիք չունենք, ծառայություններն էլ չեն դառնալու վճարովի. Ջուլիետա Ազարյանը՝ Աղի լճի տարածքի բարեկարգման մասին

«Մի քանի օր առաջ քաղաքապետն Աղի լճի տարածքում էր, շփվել է ոչ միայն հարակից հատվածում բնակվող քաղաքացիների, այլ նաև այցելուների հետ, ովքեր մաքսիմալ գոհունակություն են հայտնել, ողջունել են այս ամբողջ գործընթացը, ամբողջապես ծանոթացել են էսքիզներին: Շրջայցը շատ կառուցողական է եղել, հակառակ կողմը մաքսիմալ գոհ է եղել»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Աղի լճում կբարեկարգեն լճամերձ արահետները, կանցկացնեն լուսավորություն, ջրամատակարարում, կոյուղի, կկառուցեն մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծեն շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ:

Նշենք, որ այս գործընթացի մեկնարկին առանձին անձինք ահազանգել էին, որ նախաձեռնված բարեկարգման և շինարարական աշխատանքները կարող են ոչնչացնել լճի բնական միջավայրը։

Ջուլիետա Ազարյանի խոսքով՝ այն, ինչ բնության կողմից ստեղծված բարիք է՝ մնալու է, այդտեղ որևէ շինարարական գործիք չի մտնելու. «Ցանկացած բարեփոխման մեկնարկի դեպքում բնական ռեակցիա է, որ առաջին ընկալումը քաղաքացու մոտ բացասական է լինում, թվում է՝ եկել են, ուզում են վատ բան անել, կային խոսակցություններ, որ ծառայությունները դառնալու են վճարովի, ավտոկայանատեղի կա, մուտքը վճարովի է դառնալու, այնինչ դրանք իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն, նույնիսկ դրան մոտ քննարկում կամ մտադրություն չկա: Եղել են խոսակցություններ և վերնագրեր, որ՝ «Աղի լիճը եկել են քանդեն», իրականության մեջ դրա հակառակն է տեղի ունենում: Հրաշալի ծրագիր է, վերջնարդյունքում լինելու է միջավայր, որտեղ բոլոր համրարությունները լինելու են՝ բացառապես օգտվողների համար: Անվճար է լինելու, վճարովիի մասին խոսք չկա»:

Ազարյանը նշեց, որ բարեկարգման այս գործընթացը սկսվել է հենց քաղաքացիների դիմելուց հետո. «Նրանք ասում էին՝ ուզում ենք գալ, մարդավայել օգտվել այս վայրից: Հիմա վստահաբար սկզբում եղած բողոքները մարել են, բողոքի ալիք չունենք, երկխոսություն է տեղի ունեցել, աշխատանքներն էլ արդեն սկսվել են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ