![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը «դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին»։
Թեմային անդրադարձել է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը՝ հերքելով այս տեղեկությունն ու նշելով.
«Դանիել Իոաննիսյանը քիչ առաջ հայտարարել է, թե ես իբր դաշնակցական Ռազմիկ Այվազյանին հորդորել եմ մտածել բանակում ծառայող որդու մասին և չառաջադրվել Արմավիրի ընտրություններում։
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ոչ միայն երբեք նման բան չեմ ասել Ռազմիկ Այվազյանին, այլև երբեք, ոչ մի անգամ կյանքումս ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ այդ մարդուն։
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին»:
Հիշեցնենք՝ նմանատիպ լուրերի համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին ստացվող ահազանգերից:
Վարչապետը նշել է, որ նախ՝ դեռևս հիմնավորված ահազանգեր չի ստացել նման ճնշումների մասին, իսկ աշխատանքից ազատման, լծակներ կիրառելու, վարույթներ հարուցելու համար պետք են հիմնավորումներ:
![]()