![]()
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հոկտեմբերի 15-ին տեղեկատվություն է ստացել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում ապօրինի պահվող բեզոարյան այծերի վերաբերյալ։
Տեսչական մարմնի հարուցած վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Բ․ Ս․-ն իր տան բակի փակ շինությունում պահում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի՝ մոտ 4-5 ամսական երկու առանձնյակ։ Ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկությունների՝ վերջիններիս իրեն են փոխանցել որպես նվեր։
Հոկտեմբերի 15-ին բեզոարյան այծի 1 արու և 1 էգ առանձնյակներն առգրավվել և տեղափոխվել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայ-ռուսական համատեղ փորձարարական կենտրոն՝ կարանտինային գոտում տեղակայելու և հետագա խնամքն ապահովելու նպատակով։
Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը հաշվարկվել է 3 մլն դրամ։
Արձանագրված փաստական տվյալները և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը հաշվի առնելով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
![]()