Պատերազմի բնապահպանական սպիները կարող են տասնամյակներ շարունակ պահպանվել. Իրանի նախագահ

«Կցանկանայի երախտագիտությունս հայտնել Նորին գերազանցություն Նիկոլ Փաշինյանին՝ մեծարգո վարչապետին, ինչպես նաև բարեկամական հարևան Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և ժողովրդին՝ այս կարևոր առիթը հյուրընկալելու և մեծահոգաբար մեզ հրավիրելու համար։ Ինձ համար շատ մեծ պատիվ է խոսքով դիմել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գլոբալ համայնքին»։

Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը ելույթ ունենալիս ասել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Այսօր պատմության կարևոր խաչմերուկում ենք։ Կենսաբազմազանությունն այլևս պարզապես բնապահպանական մտահոգություն չէ, այն անքակտելիորեն կապված է ջրի, պարենային ապահովության և միջսերնդային արդարության հետ Երկիր մոլորակի բնակիչների համար»,- ընդգծել է նա։

«ԻԻՀ-ն առաջին պետություններից էր, որ պաշտոնապես ճանաչեցին այս խնդրի միջազգային իրավական կարևորությունը և միացան Կենսաբազմազանության մասին կոնվենցիային։ Այնուամենայնիվ, Իրանի կապը կենսաբազմազանության հետ չի սահմանափակվում միայն կոնվենցիային նրա անդամակցության ժամկետով, և մեր երկիրը հազարավոր տեսակների բնօրրանն է։ Ջրի մատակարարման անվտանգության ապահովման համար բազմաթիվ ռիսկեր կան Իրանում։ Իրանի համար կենսաբազմազանության պահպանությունը միայն տեսակների և բնական միջավայրերի պահպանության խնդիր չէ, դա կարևոր է ազգային մշակույթի և քաղաքակրթական ժառանգության պահպանության համար։ Մեր երկրում վաղուց ակնածանքով ենք վերաբերվում բնությանը և մենք կենսաբազմազանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր ունենք։ Շրջակա միջավայրի մեր նախարարությունը համակարգող մարմինն է»,- ասել է նա և նշեց, որ այսօր մի կարևոր իրականություն կա, որն այլևս չի կարող անուշադրության մատնվել կենսաբազմազանության մասին համաշխարհային քննարկումներում։

Փեզեշքիանը շեշտել է, որ պատերազմը ոչ միայն մարդկային կյանքին և տնտեսական ենթակառուցվածքներին է վնասում, այլև ոչնչացնում է անտառներ, խոնավ տարածքներ, պարարտ հողեր, ջրային ռեսուրսներ, փշրում փխրուն միջավայրեր, տեղահանում վայրի տեսակներին և վտանգավոր քիմիական նյութեր ու ծանր մետաղներ նետում վայրի բնության մեջ։

«Պատերազմի բնապահպանական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո»,- ընդգծել է Փեզեշքիանը։

«Միջազգային հանրությունն այսօր տեսնում է, որ զինված հակամարտությունների ժամանակ շրջակա միջավայրի ոչնչացումը պատերազմի ուղղակի հետևանք է։ Դա ապագա սերունդների բարեկեցության համար լուրջ սպառնալիք է մեր տարածաշրջանում, այդ թվում՝ նաև Իրանում»,- նշել է նա։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի հետ պատերազմը մեր տարածաշրջանում՝ էներգետիկ հանգույցների ոչնչացմամբ, հրդեհներով, աղտոտիչ նյութերի արտանետումներով, հողի և ջրի աղտոտմամբ, լրջորեն սպառնում է էկոհամակարգերին։ Իսկ էկոհամակարգը, որը տասնամյակներ շարունակ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերի արդյունքում պահպանվել էր, այժմ վտանգված է։

«Սա զուտ պետական խնդիր չէ և խնդիր չէ, որը սահմանափակվում է մեկ երկրի քաղաքական սահմաններով։ Բնությունը չի ճանաչում քաղաքական սահմաններ»,- նշել է Իրանի նախագահը։

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային ֆինանսական կառույցներին և համապատասխան կազմակերպություններին, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերով, ունենալ ավելի լավ մեխանիզմներ՝ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու, բնապահպանական վնասը գնահատելու, քայքայված էկոհամակարգերը վերականգնելու և պետություններին աջակցելու համար, որպեսզի զինված հակամարտությունների բնապահպանական հետևանքները սահմանափակվեն։

Կենսաբազմազանության պահպանությանը հնարավոր չէ հասնել միակողմանի մոտեցմամբ կամ մեկ կառույցի առանձին լիազորություններով։ Մեր մոլորակը փրկելու և շրջակա միջավայրը պահպանելու համար շատ կարևոր է, որ բոլորը գիտակցեն, թե ինչ աննախադեպ մարտահրավերներ են կանգնած մարդկության առջև, և զուգահեռաբար տարաբնույթ լուծումներ կյանքի կոչեն։

Այս լուծումների մեջ պետք է հաշվի առնել պետությունների կարողությունների տարբերությունները և անհամաչափ բեռ չառաջացնել զարգացող երկրների համար՝ միևնույն ժամանակ նրանց հնարավորություն տալով ստանալու անհրաժեշտ միջոցներ և բնության պահպանությանը զուգահեռ իրականացնելու կայուն զարգացում։

ԻԻՀ-ն լիովին պատրաստ է իր գիտական, կրթական և էմպիրիկ կարողություններով կիսվել այլ պետությունների հետ, աշխատել կառուցողականորեն գլոբալ հանրության հետ։ Մենք խորապես հավատացած ենք, որ կենսաբազմազանության պահպանությունը կարող է կարևոր անկյունաքար լինել խաղաղության և դիվանագիտության համար մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության լրջագույն ճգնաժամեր կան։

Բնապահպանական համագործակցությունը թույլ կտա կամուրջներ կառուցել ազգերի միջև՝ ուղի հարթելով համընդհանուր խաղաղության, անվտանգության, բնության հետ ներդաշնակ և կայուն ապագայի համար։ Մենք պետք է հավասարակշռված ապրենք բնական աշխարհի հետ՝ կառուցելով մի ապագա, որը զերծ կլինի պատերազմներից և արհավիրքներից։ Կենսաբազմազանությունը պետք է այդ աշխարհի ընդհանուր անկյունաքարը լինի՝ ներկա և ապագա սերունդների բարեկեցության և զարգացման համար»,- ասել է Մասուդ Փեզեշքիանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ