ՌԴ-ն կորցրել է լծակները. անկլավների փոխանակելու հարցը հայկական կողմի համար պետք է ընդունելի լինի

«Ի սկզբանե խնդիրը ձևակերպվել էր, որ 3-րդ երկրները խուսափել են օգտագործել երկաթուղին, քանի որ այն ռուսական տնօրինության ներքո կառավարվող ենթակառուցվածք է, թուրքական այլընտրանք էլ հիմնավորվում էր դրանով: Եթե մենք մտածում ենք, որ ռուսական երկաթուղին կարող է մրցակցային լինել այն իմաստով, որ 3-րդ երկրները այլևս պահանջներ չեն ներկայացնի. դա ինքնախաբեություն է: Խնդրահարույց է նաև այն, որ ՌԴ-ն կարող է մրցակցային ենթակառուցվածքներ ապահովել ՀՀ-ում»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը՝ մեկնաբանելով երկաթուղու հետ կապված քննարկումները:

Միաժամանակ նա նկատում է. «Ատոմայականի պես ռազմավարական ակտիվների հարցը երբեք չի եղել միայն տնտեսական, ՀՀ-ի կախվածությունները վերջին 30 տարում հիմնականում դրսևորվել են նման ոլորտներում՝ քաղաքական առումով»:

Վերջինիս դիտարկմամբ՝ այսօվա Հայաստանի ապագայի հայեցակարգը չի կարող լինել ռուսական կախվածություններով. «Ատոմակայանի և երկաթուղու հարցով եթե շոշափելի լուծումների չհասնենք, դա կունենա կատաստրոֆիկ նշանակություն»:

Ըստ Մովսեսյանի՝ Ռուսաստանը իր հետևից թողել է տարբեր կոնֆլիկտային տարածքներ, դրանք օգտագործել հետգաղութային ազդեցությունը պահպանելու համար. «ՌԴ-ն կորցրել է այդ լծակը ՀՀ-ի և Ադրբեջանի նկատմամբ»:

«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգողը կարծում է, որ առաջիկայում սպասվող Պուտին-Փաշինյան հանդիպումը կկայանա. «Վարչապետի հայտարարությունները հող են նախապատրաստում բանակցային սեղանի համար»:

Ինչ վերաբերում է անկլավների վերաբերյալ խոսակցություններին, զրուցակիցը նկատում է. «Փոխանակելու տրամաբանությունը հայկական կողմի համար պետք է ընդունելի լինի, բայց սրանք մոտ ապագայի հարցեր չեն»:

Յուրի Մովսեսյանը այն համոզմանն է, որ հայաստանյան ընդդիմությունը տրիգերի համար թեմաների փնտրտուքների մեջ է, և Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղման հանումը այդ թեմաներից մեկը կարող է դառնալ. «Ընդդիմությունը տրիգերային թեմայով մոբիլիզացիայի թեմա է քննարկում»:

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին՝ վերջինս ասում է. «Թուրքիան ինքը պետք է որոշի՝ երբ բացի սահմանը, մենք պետք է պատրաստ լինենք: Ես համաձայն եմ Միրզոյանի այն մտքին, որ կարող է վաղը արթնանանք, և հայ-թուրքական սահմանը բացվի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ