Եթե կառավարել չգիտեք, ինչ ծավալի բյուջե էլ տան, մեկ է, օգուտ չկա․ Հարությունյանը՝ Գյումրու քաղաքապետարանին

«Կառավարության հոկտեմբերի 15-ի որոշմամբ՝ ավելի քան 69․8 մլն դրամ է հատկացվել Գյումրու «Հաղթանակ» զբոսայգու վերանորոգման և բարեկարգման համար։ Զբոսայգու բարեկարգման ծրագիրը հաղթել էր «Մասնակցային բյուջետավորման» ծրագրի շրջանակում գյումրեցիների քվեարկության արդյունքում»:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Քնարիկ Հարությունյանը՝ շարունակելով․

«Գյումրու քաղաքապետարանն արդեն հասցրել է զբոսայգու «բարեկարգումը» սկսել ծառեր հատելով։ Որոշ ծառեր հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։

Հիշում եք, չէ՞, թե ինչպես նախորդ տարի քաղաքապետարանն այդպես էլ չկարողացավ օգտագործել կառավարության հատկացրած գումարը, և Գյումրին մինչ օրս մնացել է առանց շների ապաստարանի։

Հ.Գ. Եթե կառավարել չգիտեք, ինչ ծավալի բյուջե էլ տան, մեկ է, օգուտ չկա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «armtimes.com» լրատվական կայքում 2026 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝ ծառահատումների օրինականության հիմքերը պարզելու նպատակով։

Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ