Բրնձի գինը 50 տոկոսով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր. ԱՄՀ

Բրնձի գինը 50 տոկոսով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Բյուջետային հարցերի գերատեսչության տնօրեն Ռոդրիգո Վալդեսը՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների՝ Բանգկոկում ընթացող տարեկան նստաշրջանի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։

Պարենի համաշխարհային գները հասել են իրենց առավելագույն արժեքներին 2022 թվականի վերջից ի վեր՝ զինված հակամարտությունների, լոգիստիկ խափանումների և արտակարգ եղանակային երևույթների ֆոնին: Ընդ որում՝ բրնձի արժեքը Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր աճել է 50 տոկոսով։

«Վերջին տարիներին մենք բազմիցս ականատես ենք եղել գնային ցնցումների պարենային շուկայում։ Մենք տեսել ենք հակամարտություններ, առևտրային և լոգիստիկ խափանումներ, արտակարգ եղանակային երևույթներ, ինչպես նաև էներգակիրների և պարարտանյութերի գների տատանումներ։ Օգոստոսին պարենի համաշխարհային գները կրկին հասան իրենց ամենաբարձր մակարդակին 2022 թվականի վերջից ի վեր, թեև դրանք դեռևս մոտ 20 տոկոսով ցածր են այդ ժամանակահատվածում գրանցված առավելագույն ցուցանիշներից։ Մերձավոր Արևելքում պատերազմի սկզբից ի վեր բրնձի գինը բարձրացել է 50 տոկոսով ցորենինը՝ 37տոկոսով, սոյայինը՝ 21 տոկոսով»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Պաշտոնյան հավելել է, որ աշխարհում նախկինի նման պարենի պակասի խնդիր է առաջացել շուրջ 260 միլիոն մարդու համար։

Վալդեսի խոսքով՝ բացասական ազդեցությունն առանձին երկրների մակարդակով սրվում է Էլ Նինյո եղանակային երևույթի պատճառով, որը ջրի պակաս և անոմալ շոգ է առաջացնում Սահելի, Աֆրիկյան եղջյուրի, Կենտրոնական Ամերիկայի, ինչպես նաև Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջաններում։

«Մեր գնահատումներով՝ միայն ջերմաստիճանային անոմալիաները տուժած երկրներում արդեն իսկ հանգեցնում են ՀՆԱ-ի մոտ 0,5 տոկոսային կետի կորստի»,- նշել է գերատեսչության ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ