![]()
«Որտեղ փող է ծախսվում, այնտեղ կոռուպցիոն ռիսկ կա: Մեր խնդիրը կոռուպցիոն ռիսկերը կառավարելն է, այսինքն՝ դրա համար կան օղակներ, վերահսկող մարմիններ: Էլ չեմ ասում, որ Կառավարությունը որոշումներ կայացնելիս այս բոլոր ռիսկերը հաշվի է առել, և բոլոր ռիսկերը մաքսիմալ կառավարելու համար ստեղծել է ընթացակարգեր՝ ՄԱԿ-ի ընթացակարգերի շրջանակում»:
Այս մասին Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով COP17-ի կազմակերպման շրջանակում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին ընդդիմության քննադատություններին:
Փաշինյանն անդրադարձել է նաև հարցին, թե որքանով էր նպատակահարմար այս միջոցառումն անցկացնել ՀՀ-ում։
Ըստ նրա՝ սա կարևոր ներդրում է Հայաստանի զարգացման գործում, քանի որ տասնյակ հազարավոր փոքր ու միջին, ինչպես նաև խոշոր ընկերություններ գումար վաստակելու հնարավորություն են ստանում։ Այս կերպ, Փաշինյանի կարծիքով, Կառավարությունը մի ձեռքով ֆինանսավորում է բիզնեսին, քանի որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր այս միջոցառման շնորհիվ եկամուտ են ստանալու։
«Միանգամից հոկտեմբերի ընթացքում միայն COP17-ով ավելի քան 15 հազար մարդ գալու է ՀՀ, և Հայաստանի ճանաչելիությունն է բարձրացնելու: Ակնհայտ է, որ COP17-ը նաև հետագայում՝ իր կազմակերպումից հետո, զբոսաշրջության հոսքերն ավելացում է:
Համոզված ենք, որ ծախսված ամեն լումա ի վերջո մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետական բյուջե՝ ուղղակի կամ անուղղակի… Նման մասշտաբի միջոցառում մենք նախկինում չենք կազմակերպել: Չենք կազմակերպել միջոցառում, որին կարող է մասնակցել 15-20 հազար մարդ»,- ասել է նա:
Փաշինյանն այս համատեքստում կարևորել է նաև «Մերիդիան» կենտրոնում իրականացվող ներդրումները՝ նշելով, որ Կառավարությունն այն առանց լրացուցիչ վճարի վարձակալելու հնարավորություն է ունենալու՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանում ձևավորվել է ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածք։
«ՀՀ-ն պե՞տք է ապրի, զարգանա, լինի միջազգային հանրության և միջազգային ընտանիքի անդամ, թե՞ չէ: Միանշանակ՝ այո՛: Ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ունենք: 9-10 տարի առաջ ՀՀ-ն՝ սկսկած ֆինանսականից, նման հնարավորություն չուներ, չէր կարող ունենալ, հիմա ունի»,- ասել է նա:
![]()