Ռուսական կոնցեսիայի հետ խնդիր չկա, բայց ասել եմ՝ տվեք հարցի պատասխանը՝ ոնց է ՀՀ երկաթուղին դառնալու մրցունակ

«Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը Հայաստան էր ժամանել իմ հրավերով ու իմ առաջարկով»:

Այս մասին ՀՀ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասել եմ՝ մենք ի բնե ռուսական կոնցեսիայի հետ խնդիր չունենք, մեր խնդիրն այն է, որ մեր երկաթուղին լինի մրցունակ»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար կոնցեսիոն կառավարման ձևաչափը պետք է փոխվի, պատվիրակվի 3-րդ երկրի։

«Բայց եթե ՌԴ գործընկերներն ասում են, որ գիտեն, թե ինչպես լուծեն այդ հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել, ասել եմ՝ շատ լավ, եկեք ձևավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել էր, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։

Անդրադարձ էր կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ