Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ

Կառավարությունը հոկտեմբերի 15-ին հանրային գերակա շահ կճանաչի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։

Որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ «հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը»։

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է մոտ մեկ տարի առաջ։ Կառավարությունն առաջարկել է իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը։ Ավելի վաղ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին ՀԷՑ-ի համար կառավարությունն առաջարկել էր 380 հազար դոլար։ Կառավարությունը համաձայնել էր 23.3 մլրդ դրամ առաջարկել ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար, պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձներ վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոնը։ «Տաշիր կապիտալ»-ն առաջարկը «ծիծաղելի ու անտրամաբանական» էր որակել։

«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը իրենց բնույթով ռազմավարական ենթակառուցվածք են, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն»,- ասվում է ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու Կառավարության որոշման հիմնավորումներում։

Կառավարության այս որոշմամբ՝ դեռ Կարապետյաններին գերակա շահ ճանաչելու դիմաց փոխհատուցման չափ չի սահմանվում, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շեշտել է, որ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում տրամադրելու ընթացքում պետական բյուջեում կարող են նախատեսվել եկամուտների ու ծախսերի ավելացում կամ նվազում։ Եթե Սամվել Կարապետյանի ընտանիքը չհամաձայնի փոխհատուցման առաջարկվելիք չափին, կարող է այն վիճարկել դատարանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ