Բնապահպանական քաղաքականությունը պետք է արձագանքի համայնքի կարիքներին, արդյունքը շոշափելի լինի բնակչի համար

Հոկտեմբերի 14-ին մեկնարկել է «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների․ խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» միջազգային միջոցառումը, որը համախմբել է Հայաստանի և արտերկրի խորհրդարանականներին, բնապահպանության ոլորտի պատասխանատուներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը։ Նա կարևորել է կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդումը՝ ընդգծելով խորհրդարանների առանցքային դերը բնապահպանական միջազգային հանձնառություններն ազգային և տեղական մակարդակներում գործնական արդյունքների վերածելու գործում։

Հայկ Կոնջորյանի խոսքով օրենսդրական նախաձեռնությունների, բյուջետային որոշումների, վերահսկողական գործիքների և ընտրողների հետ անմիջական աշխատանքի միջոցով պատգամավորները կարող են նպաստել կլիմայական դիմակայունության բարձրացմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ներդրումների խթանմանը։ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է նաև, որ բնապահպանական քաղաքականությունները պետք է արձագանքեն համայնքների կարիքներին, իսկ դրանց արդյունքները շոշափելի լինեն բնակիչների համար։

Ողջյունի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) Հայաստանում ներկայացուցիչ Ժիրայր Էդիլյանը:

Միջոցառման առաջին նիստը նվիրված էր «Կանաչ ընտրատարածքների» հայեցակարգին։ Քննարկվել են բնապահպանական նպատակների և տնտեսական զարգացման համադրման, կանաչ էներգետիկայի զարգացման, ինչպես նաև բնության պահպանության ծրագրերում պետական և մասնավոր ներդրումների ներգրավման հնարավորությունները։

Միջոցառման շրջանակում անցկացված պանելային քննարկումներին մասնակցել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալխաս Ղազարյանը։

Հայ պատգամավորներն անդրադարձել են նաև ֆինանսավորման նորարարական մեխանիզմներին, խորհրդարանների օրենսդրական, բյուջետային և վերահսկողական գործիքներին, ինչպես նաև միջազգային փորձի տեղայնացման հնարավորություններին։

Օրակարգում ընդգրկված է եղել նաև կենսաբազմազանության պահպանության «30×30» համաշխարհային նպատակը, որը նախատեսում է մինչև 2030 թվականն աշխարհի ցամաքային և ներքին ջրային ու ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանությունը։ Քննարկվել են նաև էկոհամակարգերի վերականգնման և բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորման հարցերը։

Միջոցառումն անցկացվում է Կլիմայի խորհրդարանի (Climate Parliament), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) համատեղ նախաձեռնությամբ։ ՀՀ ԱԺ խորհրդարանականների մասնակցությանն աջակցել է ՄԱԶԾ-ի՝ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի կառավարությունների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աջակցությամբ:

Երևանյան երկխոսության նպատակն է ամրապնդել խորհրդարանականների կարողություններն ու համագործակցությունը՝ նպաստելով կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի դեմ պայքարին ուղղված միջազգային հանձնառությունների իրականացմանը, կանաչ ներդրումների ներգրավմանը և համայնքահեն բնապահպանական լուծումների զարգացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ