Քննարկվել է դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստան-Պորտուգալիա առևտրատնտեսական համագործակցությունը

Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Պորտուգալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Հակոբ Սարգսյանի և Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության գլխավոր տնօրեն Էլենա Մալկատայի գլխավորությամբ։

Քննարկվել են Հայաստան-Պորտուգալիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացման հնարավորություններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի և Պորտուգալիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև անմիջական կապերի հաստատման և ամրապնդման հնարավորություններին։

Զրուցակիցները ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի համատեքստում Հայաստան-Պորտուգալիա փոխգործակցության շարունակական խորացման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ