Լուկաշենկոն ստրկական մտածողությունից ելնելով է խոսում. անսպասելի է ՌԴ-ի համար էս տեսակ պահվածքը. տեսանյութ

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ մենք դժվարությամբ ենք համակերպվում և՛ սեփական պարտության, և՛ հաղթանակի հետ. անընդհատ շարունակում ենք կռիվը:

Ըստ նրա՝ սոցիալական ցանցերի ակտիվությունը դեռ չի արտահայտում հանրության իրական տրամադրությունները: Շատ դեպքերում սոցիալական ցանցերում ցանկալին ներկայացվում է որպես իրականություն:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ արձագանքելով հարցին՝ արդյոք Հայաստանում ատելության մթնոլորտ կա՞, թե՞ ոչ:

Արվեստագետի նկատառմամբ՝ մենք կամաց-կամաց դուրս ենք գալիս «հավերժ թշնամի և հավերժ բարեկամ» մտածողությունից: Նա կարծում է, որ Ռուսաստանը մեզ ընկալում է որպես սեփականություն, և այս վանդակի մեջ մենք կամավոր ենք մտել:

«Պետք է առերեսվենք նրան, թե ինչը բերեց ցեղասպանության, մենք Արևմտյան Հայաստանն ուզում էինք դարձնել Ռուսաստան: Ապագա ցեղասպանություններից կարող ենք խուսափել, երբ վերլուծենք մեր սխալները, որ էլ չհավատանք սին խոստումներին, որոնք բերում են կործանման»,- նկատում է նա:

Անդրադառնալով ԱՊՀ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Բաբայանն ասում է. «Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ կաթսայի մեջ ժամանակավոր բնակիչ է, հակառակ դեպքում հեծանիվի պատմությունը չէր պատմի: Իսկ Լուկաշենկոյի խոսքում նախանձ կար, ուզում էր ասել՝ մենք այստեղ կալանավորված ենք և չենք կարող տեսնել մեր կողքին ազատ մարդկանց: Լուկաշենկոն ստրկական մտածողությունից ելնելով դա ասաց»:

Բաբայանը այն տեսակետն է արտահայտում, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ճանապարհին ոչ այնքան թուղթն է կարևոր, որքան այն, որ երկու հասարակությունները՝ հայերն ու ադրբեջանցիները, սովորեն իրար հետ խաղաղ ապրել, հարցերը զենքով լուծելու մտածողությունից դուրս գան:

«Փաստաթուղթը ի չիք կդառնա, եթե հասարակությունները ագրեսիվ են տրամադրված իրար նկատմամբ»,- ընդգծում է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ