![]()
Ինչպես հայտնել ենք, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում ապամոնտաժվում են մայթն ընդգրկող կրպակները և խանութները:
Իրավիճակը պարբերաբար լարվում է. տեղում են տեղի բնակիչները, կրպակատերերը, վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որին վարչական շրջանի ղեկավարը վեճի ժամանակ անվանել էր «բուդկի պաշտպան»:
Լրատվամիջոցների հետ զրույցում վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանն այսօր կրկնել է այս արտահայտությունը՝ նշելով, թե չի հրաժարվում իր խոսքերից ու Մանուկյանին անվանել է հենց այդպես:
«Այո, որակում եմ տալիս. ես Մեսրոպ Մանուկյանին անվանել եմ բուդկի պաշտպան, բայց սխալվել եմ, որովհետև երեկոյան պարզ դարձավ, որ Մանուկյանն իրականում աներոջ զապռավկի՝ բենզալցակայանի պաշտպանն է: Էդ լցակայանը գտնվում է ապամոնտաժման ենթակա շարքի մեջ, մայթին է կառուցված ու ենթակա է քանդման, հենց դա էլ անհանգստացնում է Մեսրոպ Մանուկյանին»,- ասել է Սարգսյանը:
Նա հայտարարել է, թե տարիներ ու ամիսներ շարունակ Երևանի տարբեր հատվածներում ապօրինի շինություններ են քանդվում, ազատվում են մայթեր, հանվում են կրպակներ, սակայն չի եղել,, որ ընդդիմադիր ամբողջ խմբակցություն գա ու դեմ արտահայտվի նման գործընթացի, և սա, ըստ Սարգսյանի, մեկ բացատրություն ունի:
««Հայաստան» դաշինքի մյուս պատգհամավորներն էլ էին եկել: Կարծում եմ՝ պետք է պատասխանեն հարցին, թե դա դաշինքի դիրքորոշու՞մն է՝ պաշտպանել Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանը:
Ընդդիմությունն աղմկում է այնտեղ, որտեղ կա իրենց շահը: Էդ մարդիկ եկել էին պաշտպանելու ոչ թե ժողովրդին, այլ իրենց թիմակցի անձնական շահը»,- ասել է վարչական շրջանի ղեկավարը:
![]()