![]()
Ինչպես հայտնել ենք՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում ապամոնտաժվում են մայթն ընդգրկող կրպակները և խանութները:
Իրավիճակը պարբերաբար լարվում է. տեղում են տեղի բնակիչները, կրպակատերերն ու վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:
Վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ իրենց պարզ է դարձել «Մեսրոպ Մանուկյանի փորացավը». ըստ նրա՝ Մանուկյանի աներոջն ու աներորդուն պատկանող լցակայանն է գտնվում հիշյալ տարածքում ու ներառված է քանդման ենթակա շինությունների ցանկում:
Մանուկյանի ու Սարգսյանի միջև վիճաբանություն է սկսվել, երբ կրպակատերերից մեկը, հղում անելով դատարանի որոշմանը, նշել է, թե որոշ հատվածներ ապամոնտաժվելու արգելք կա դատարանի որոշմամբ: Սարգսյանը հակադարձել է, թե քանդվում են ոչ դատարանի որոշման մեջ ներառված հատվածները, ինչին հաջորդել է Մեսրոպ Մանուկյանի զայրույթն ու գոռգոռոցը՝ «արա, այ համբալ» վանկարկումների ուղեկցությամբ: Վարչական շրջանի ղեկավարն էլ հակադարձել է նույնատիպ արտահայտություններով ու հիշեցրել աներոջ լցակայանի մասին՝ «համբալը դու ես, այ տղա, այ աներոջ պաշտպան» խոսքերով:
«Ստի տուն ու տեղը, թե դա եմ պաշտպանում»,- բղավել է Մանուկյանը: Իրավիճակը փորձել են հանդարտեցնել ու կարգավորել քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են:
![]()