ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս

Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել հունիսյան ընտրություններին ընդառաջ օտարերկրյա միջամտությանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն ամփոփելիս։

«Մենք ապատեղեկատվության դեմ պայքարի մեր վերապատրաստման ծրագրերն ընդլայնել ենք՝ ընդգրկելով 65 երկիր։ Արգելափակել ենք Աֆրիկայում ռուս վարձկանների հավաքագրման ցանցի հետ կապված տասնյակ կայքեր և հարյուրավոր գովազդներ, ինչպես նաև հաջողությամբ օգնել ենք Հայաստանին՝ դիմակայել օտարերկրյա միջամտությանը հունիսյան ընտրություններին ընդառաջ»,- ասել է նա։

Ըստ Կալլասի՝ որպես հաջորդ քայլ՝ առաջարկում են պատժամիջոցների ցանկում 100 նոր ընդգրկում՝ թիրախավորելով Ռուսաստանի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության՝ FIMI-ի ենթակառուցվածքը։

«Նաև կդիտարկենք ավելի սերտ համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, որոնց հետ ունենք անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերություններ»,- ասել է նա։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն անդրադարձել է նաև Վրաստանին՝ ընդգծելով, որ այս երկրում ժողովրդավարության հետընթացը խորանում է։

«Ավելի ու ավելի շատ ընդդիմադիր կուսակցություններ են կանգնում գործունեության արգելքի վտանգի առջև, իսկ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը խեղդում է քաղաքացիական հասարակությանը։ Վրաց ժողովուրդն ուզում է եվրոպական ապագա, սակայն «Վրացական երազանք» կուսակցությունն այն հետևողականորեն խլում է նրանից։

Մեր ներկայիս մոտեցումը բավարար ճնշում չի ստեղծում փոփոխության հասնելու համար և թույլ չի տալիս մեզ լիարժեք հետամուտ լինել Եվրոպայի ռազմավարական շահերին։

Այս թեմային կվերադառնանք հունվարին»,- հայտարարել է նա։ Կալլասը հիշեցրել է, որ ԱԳ նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում գրեթե 1,600 նոր ընդգրկում, որոնց ավելի քան կեսը թիրախավորում է բալիստիկ հրթիռների արտադրական շղթան։

«Հստակ է, որ այս պահին պետք է ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, ոչ թե ազդակներ ուղարկենք, թե ինչ-որ կերպ թուլացնում ենք այն։ Նրանք իրականում ավելի շատ քաղաքացիական անձանց են սպանում, քան երբևէ։

Նրանք իսկապես սրում են իրավիճակը տեղում։ Ահա թե ինչու հիմա զիջումների ժամանակը չէ։ Հիմա ճնշումն ուժեղացնելու ժամանակն է»,- ասել է նա։ Կալլասը պարզաբանել է, որ ցանկի ընդլայնումը չի փոխարինում պատժամիջոցների 22-րդ փաթեթին, որի շուրջ աշխատանքը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ