![]()
Հոկտեմբերի 12-ին Վարշավայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լեհաստան գործընկերության հարցեր՝ ընդգծելով բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչման կարևորությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին գոհունակություն են հայտնել ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների և դրանց շրջանակներում Հայաստան-Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառման անցկացման կապակցությամբ՝ կարևորելով դրանց արդյունքների հիման վրա փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Ընդգծվել է Լեհաստանի շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալների աճի դրական դինամիկան և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը:
Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով զարգացող հայաստանյան և լեհական ընկերությունների միջև համագործակցության խթանման հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների թվայնացման ոլորտներում:
Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական ձգտումներին, ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը Լեհաստանի շարունակական աջակցությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների, ինչպես նաև Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում համագործակցության և փոխկապակցվածության զարգացման հեռանկարների շուրջ:
Զրուցակիցները քննարկել են նաև 2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջագային չորրորդ համաժողովի շրջանակներում փոխգործակցության, այդ թվում՝ համաժողովին լեհական կողմի բարձր մակարդակի մասնակցությանն առնչվող հարցեր:
![]()