Հայաստանի ժողովուրդը պետք է իմանա, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ինչպես են իրենց միլիոնները կուտակել

Նիկոլ Փաշինյանը Radio France International-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև դիտարկմանը, թե քաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ լարված։ Վարչապետը հարցրել է, թե որտեղ է երևում, որ ՀՀ-ում քաղաքական լարված իրավիճակ կա։

«Եվրամիության բոլոր երկրներում կամ երկրների մեծամասնությունում քաղաքական իրավիճակը շատ լարված է, չափազանց ծայրահեղ լարված է, Եթե հարցին դիտարկենք ձեր տրամաբանությամբ, իսկ ժողովրդավարական երկրներում այդ առումով իրավիճակը միշտ լարված է, որովհետև միշտ կա լարված քաղաքական պայքար և միշտ կա լարված բանավեճ և այն լարվածությունը, որի մասին դուք խոսում եք, հենց ինքը ժողովրդավարության շատ կարևոր վկայություն է, շատ կարևոր ապացույց:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, ես գիտեմ ասենք նույն Սամվել Կարապետյանի հետ կապված օրինակ քրեական գործ կա նաև Ֆրանսիայում: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Ֆրանսիայի կառավարությունը Սամվել Կարապետյանին քաղաքական հետապնդումների է ենթարկում: Ես չգիտեմ մեր գործընկերները տեղյակ են արդյոք այդ իրավիճակների մասին, թե տեղյակ չեն: Եվ այսպես շարունակ»,- ասել է վարչապետը։

Պատասխանելով Քոչարյանին ու Ծառուկյանին նաև վերաբերող հարցին, վարչապետը մանրամասնել է․

«Ինչ վերաբերվում է ձեր նշած մյուս դեպքերին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ կապված շատ վաղուց կա քրեական գործ, այդ թվում 2008 թվականի մարտի 1-ի գործով դատական պրոցես է ընթանում: Իմիջիայլոց, վերջերս մենք մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը ստացանք Մարտի 1-ի գործով, որտեղ արձանագրվում է, որ Մարտի 1-ի սպանությունների պատասխանատուները ըստ էության պետական մարմիններն են այդ ժամանակաշրջանում գործած:

Եվ ես ձեզ ուզում եմ հետևյալ հարցը տալ Ռոբերտ Քոչարյանը ամբողջ կյանքում եղել է պաշտոնյա, 10 տարի զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը և արդյունքում նա ունի առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի սեփականություն: Ինչպես կարող էր դա տեղի ունենալ: Հնարավո՞ր է արդյոք, որ մարդը նախագահ լինելով 10 տարի զբաղեցնելով երկրի ղեկավարի պաշտոնը մի քանի հարյուր միլիոն դոլար կուտակի։

Ես սովորաբար այդ հարցին պատասխանում եմ հետևյալ կերպ․ ասում եմ արդեն ավելի քան ութ տարի ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ինչո՞ւ ես միլիոնատեր չեմ, որևէ մեկը կարո՞ղ է այդ հարցին պատասխանել և ինչու է Ռոբերտ Քոչարյանը միլիոնատեր։

Նաև Գագիկ Ծառուկյանի անունը տվեցիք, Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես 2018 թվականին հեղափոխությունը տեղի է ունեցել նաև այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համոզված են եղել, որ երկար տարիներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այդ թվում ձեր նշած մարդկանց անմիջական մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետ պետությունը բառի բուն իմաստով թալանվել է և այդ մարդկանց թալանածը պետք է վերադարձվի:

Մինչև հիմա այդ մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել արտաքին ապօրինի հովանավորությունների և Հայաստանի դատաիրավական համակարգում գործած մաֆիայի գործունեության պատճառով։ Ես կարծում եմ, այդ թվում հերթական խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը հստակ իր կամքը արտահայտեց և պահանջեց, որպեսզի ի վերջո 2018 թվականի հեղափոխության իրենց ակնկալիքները, որ Հայաստանում լինի արդարություն և արդարադատություն և ոչ թե կոռուպցիայի միջոցով արդարադատությունից խուսափելու անարգել ճանապարհներ, ահա այս օրակարգը իրացվի։

Հայաստանի ժողովուրդը պետք է իմանա, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ինչպես են իրենց միլիոնները կուտակել: Իմիջիայլոց ասեմ նաև, որ Հայաստանում արդեն իսկ գործում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և այդ համակարգով արդեն բազմաթիվ գույքեր, որոնք նախկինում ապօրինի կերպով օտարված են եղել կամ համայնքներից, կամ պետությունից, ժողովրդից՝ վերադարձվում են պետությանը և ժողովրդին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ