Երեք անձնագիր, մեկ գաղտնի պլան ու չիրականացած հավակնություններ

«Ես իմ ժամկետներն ունեմ, հիմա չեմ ասի, դա բոլորդ կտեսնեք, Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք»: Ասել է Սամվել Կարապետյանը։ Սա այն մարդն է որը ընտրություններից առաջ արդեն իրեն վարչապետ էր պատկերացնում և արդեն իր համար կառավարության նիստեր էր գումարում, բայց արդյունքում ուղղակի պարտվեց։ Երեք երկրի անձնագիր ունեցող այս մարդը հիմա էլ ինչ որ գաղտնի պլանների մասին է խոսում։ Փաստորեն երեք երկրի ծառայող «փրկիչը» դեռ չի հաշտվել իրականության հետ։

Սամվել Կարապետյանի այս հայտարարությունը նորից հարց է առաջացնում՝ քաղաքական պայքարի մասի՞ն է խոսքը, թե՞ մի մարդու, որը դեռ չի համակերպվել այն մտքի հետ, որ սեփական հավակնությունները քաղաքական իրականություն չեն դարձել։

Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ Կարապետյանը չի խոսում քաղաքական ծրագրի, հասարակությանը ներկայացվելիք առաջարկների, ընտրողների վստահությունը շահելու կամ իշխանության հասնելու սահմանադրական մեխանիզմների մասին։ Նա խոսում է Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանից և ինչ-որ ժամկետներից, որոնք, իր խոսքով, դեռ չի պատրաստվում բացահայտել։

Բայց ո՞րն է այդ պլանի քաղաքական բովանդակությունը։ Ի՞նչ է առաջարկվելու Հայաստանին։

Եթե խոսքը սահմանադրական և քաղաքական պայքարի մասին է, ապա դրա գործիքները գաղտնիք չեն։ Քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագիրը, համոզում քաղաքացիներին և իրենց նպատակներին հասնում օրենքով սահմանված ճանապարհով։ Իսկ եթե այդ «գաղտնի ծրագիրը» հանրությանը ներկայացվում է որպես քաղաքական փրկության ճանապարհ, բայց դրա բովանդակությունը մնում է անհայտ, ուրեմն հասարակությունից ոչ թե աջակցություն են ակնկալում, այլ կույր հավատ։ Քաղաքականությունը գաղտնի պլանների մասին խորհրդավոր հայտարարություններ անելու մրցույթ չէ, իսկ իշխանափոխությունը՝ փակ դռների հետևում հյուսված դավադրություն։ Եթե ծրագիր ունես՝ ներկայացրու, եթե աջակցություն ես ուզում՝ համոզիր, իսկ եթե ասելիք չունես, ապա գաղտնիության քողի տակ մի թաքցրա քաղաքական սնանկությունդ։

Կարապետյանի դեպքում այս հարցերն ավելի կարևոր են, որովհետև խոսքը սովորական քաղաքական գործչի մասին չէ։ Նա խոշոր գործարար է, որի քաղաքական հավակնություններն ի սկզբանե ուղեկցվել են նրա անձնական ռեսուրսների և հնարավորությունների մասին քննարկումներով։ Բայց նույնիսկ ամենամեծ ֆինանսական հնարավորությունները չեն կարող փոխարինել հանրային վստահությանը։ Փողը կարող է օգնել կառուցել քաղաքական կառույց, բայց չի կարող ինքնաբերաբար ստեղծել քաղաքական լեգիտիմություն։

Եվ այստեղ կա ևս մեկ հանգամանք․ Կարապետյանի՝ երեք երկրի անձնագիր ունենալու փաստը քաղաքական քննարկման մեջ անխուսափելիորեն առաջացնում է հարցեր նրա կապերի, շահերի և Հայաստանի հանդեպ պատասխանատվության մասին։ Ինքնին մի քանի քաղաքացիություն ունենալը դեռ ոչինչ չի ապացուցում, բայց այն մարդը, որը հավակնում է ղեկավարել Հայաստանը, պետք է հասարակությանը հստակ ներկայացնի իր քաղաքական պատասխանատվության շրջանակը, շահերի հնարավոր բախումները և երկրի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Իսկ Կարապետյանն այս մասով մինչև օրս հստակեցում չի արել։

Հայաստանը չի կարող կառավարվել գաղտնի ժամկետներով ու չբացահայտված ծրագրերով։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ է առաջարկում իշխանության հավակնող ուժը, ինչ ճանապարհով է ցանկանում հասնել իր նպատակին և ինչ պատասխանատվություն է ստանձնելու իր գործողությունների համար։

Սամվել Կարապետյանը կարող է ունենալ իր ժամկետները, իր հաշվարկներն ու իր ծրագրերը։ Սակայն Հայաստանում իշխանության հարցը չի լուծվում միայն այն պատճառով, որ որևէ մեկը որոշել է, որ եկել է իր ժամանակը։

Քաղաքականության մեջ ամենակարևոր ժամկետը սեփական հավակնությունների ժամկետը չէ, այլ այն պահը, երբ հասարակությունը որոշում է՝ ում է վստահում երկրի կառավարումը։ Իսկ այդ որոշումը բավական բաց և թափանցիկ կայացվել է հունիսի 7-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ