![]()
Ընտանեկան բռնությունների թեման, թերևս, ամենազգայուն և բազմաշերտ թեմաներից է, որը նաև իրավունքի հետ է շաղկապված: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արշավ է սկսել՝ փորձելով օգնել բռնության ենթարկվող կանանց՝ նրանց ձայնը դարձնելով լսելի: Արշավի նպատակը, ըստ էության, այն է, որ հայ ընտանիքներում նվազեն բռնության դեպքերը, և ավելի առողջ միջավայր ձևավորվի:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Գյուրջյան և Ընդ Փարթներս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հարություն Բարսեղյանի հետ:
— Պարոն Բարսեղյան, որպես փաստաբան՝ խնդրում եմ ասել՝ իրավական առումով ի՞նչ խնդիրների եք հանդիպում ընտանեկան բռնության թեմաներով գործերի պաշտպանության ժամանակ:
— Ընտանեկան բռնության գործերով իրավական պաշտպանության հիմնական խնդիրներից մեկը բռնության փաստական հանգամանքների լիարժեք բացահայտումն ու ապացուցումն է։ Հաճախ բռնությունը տեղի է ունենում փակ ընտանեկան միջավայրում, առանց անմիջական ականատեսների, իսկ տուժողը տարբեր պատճառներով չի դիմում իրավապահ մարմիններին հենց դեպքից անմիջապես հետո։ Արդյունքում կարող են դժվարություններ առաջանալ ապացույցների հավաքման, դեպքերի հաջորդականության վերականգնման և բռնության բնույթը գնահատելու հարցերում։
Առանձին խնդիր է հոգեբանական և տնտեսական բռնության դրսևորումների բացահայտումը։ Ֆիզիկական բռնության որոշ հետքեր հնարավոր է արձանագրել, մինչդեռ մշտական սպառնալիքները, վերահսկողությունը, նվաստացումը կամ ֆինանսական կախվածության մեջ պահելը միշտ չէ, որ առաջին հայացքից ընկալվում են որպես բռնության դրսևորումներ։
Փաստաբանի խնդիրն է ոչ միայն ներկայացնել վստահորդի դիրքորոշումը, այլև ապահովել, որ գործի բոլոր էական հանգամանքները պատշաճ ուսումնասիրվեն, ապացույցները հավաքվեն օրինական ճանապարհով, իսկ իրավասու մարմինների կողմից ընդունվող որոշումները համապատասխանեն օրենքի պահանջներին։ Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տուժողի անվտանգության ապահովման և նրա անձնական կյանքի գաղտնիության պաշտպանության հարցերը։
— Շա՞տ են նման գործերով դիմողները, արդյոք նրանց շրջանում տղամարդիկ կա՞ն, թե՞ միայն կանայք են։
— Ընտանեկան բռնության դեպքերը միշտ չէ, որ սկզբնական փուլում բարձրաձայնվում են։ Մեր մասնագիտական փորձի ընթացքում նույնպես առնչվում ենք այնպիսի գործերի, որոնք սկզբնապես վերաբերում են ամուսնալուծությանը, ալիմենտի բռնագանձմանը կամ երեխայի բնակության վայրի որոշմանը, սակայն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս նաև ընտանեկան բռնության դրսևորումներ։
Նման դեպքերում կարևոր է համակողմանիորեն ուսումնասիրել ընտանեկան հարաբերություններին առնչվող հանգամանքները, քանի որ բռնության առկայությունը կարող է էական նշանակություն ունենալ ինչպես կողմերի իրավունքների պաշտպանության, այնպես էլ երեխայի լավագույն շահերի գնահատման տեսանկյունից։ Հետևաբար, կարծում եմ, որ ընտանեկան բռնության խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին իրավական վեճի առարկա, այլև որպես հանգամանք, որը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ընտանեկան հարաբերություններից բխող այլ իրավական հարցերի լուծման վրա։
Հասարակության ընկալման մեջ ընտանեկան բռնությունը հաճախ կապվում է կանանց նկատմամբ բռնության հետ, և դա հասկանալի է՝ հաշվի առնելով կանանց պաշտպանության առանձնահատուկ կարևորությունը։ Սակայն պետք է ընդգծել, որ ընտանեկան բռնության ենթարկված կարող են լինել նաև տղամարդիկ, ինչպես նաև երեխաները և ընտանիքի այլ անդամներ։
Տղամարդիկ նույնպես կարող են բախվել ֆիզիկական, հոգեբանական կամ այլ տեսակի բռնության, բայց հասարակական կարծրատիպերի և իրենց նկատմամբ վերաբերմունքի մտավախության պատճառով երբեմն խուսափում են այդ մասին բարձրաձայնելուց։ Ուստի իրավական պաշտպանությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր անձի՝ անկախ սեռից։
— Այս պահին կա՞ն նման գործեր, որ ստանձնել եք պաշտպանությունը։
— Այս պահին ընտանեկան բռնության վերաբերյալ կոնկրետ գործերի մանրամասների ներկայացումից ձեռնպահ կմնամ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ոլորտում անհրաժեշտ է փաստաբանների հետևողական ներգրավվածությունը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից յուրաքանչյուր դեպքի նկատմամբ պատշաճ, ժամանակին և համակողմանի արձագանքը։ Ընտանեկան բռնության յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատկությունները և պահանջում է անհատական իրավական մոտեցում։ Հատկապես կարևոր է հաշվի առնել, որ ընտանեկան բռնության պայմաններում մեծապես տուժում են նաև երեխաները, նույնիսկ այն դեպքերում, երբ բռնությունն անմիջականորեն նրանց նկատմամբ ուղղված չէ։ Նման միջավայրում ապրելը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեբանական վիճակի, զարգացման և անվտանգության զգացողության վրա։ Հետևաբար, ընտանեկան բռնության դեպքերին արձագանքելիս առաջնահերթ նշանակություն պետք է տրվի ոչ միայն տուժողի իրավունքների պաշտպանությանը, այլև երեխայի լավագույն շահերի ապահովմանը։
Կարող եմ ասել, որ դրանց շրջանակում իմ առաջնահերթությունը վստահորդի իրավունքների պաշտպանությունն է, գործի փաստական հանգամանքներիհամակողմանի ուսումնասիրությունը և օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման հնարավորությունների գնահատումը։
Միաժամանակ կարևոր եմ համարում ընդգծել, որ փաստաբանական գաղտնիքի և վստահորդների անձնական կյանքի պաշտպանության պահանջներից ելնելով՝ առանց նրանց համաձայնության չեմ կարող հրապարակել գործերի մանրամասները կամ այլ տեղեկություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի նույնականացնել նրանց։
— Ընտանեկան բռնության դեպքերով քանի՞ գործ եք մինչ օրս հաղթել։
— Ընտանեկան բռնության գործերով արդյունավետ իրավական պաշտպանության մասին խոսելիս կարևոր է հաշվի առնել, որ յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունները, և արդյունքը պայմանավորված է մի շարք իրավական ու փաստական հանգամանքներով։ Իմ համոզմամբ՝ փաստաբանի աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայն դատական գործերով արձանագրված արդյունքներով, այլև անձի իրավունքների պաշտպանության, իրավական խնդիրների ճիշտ գնահատման և օրենքով նախատեսված մեխանիզմների արդյունավետ կիրառման տեսանկյունից։ Այս ոլորտում հատկապես կարևոր է, որ բռնության ենթարկված անձինք ստանան մասնագիտական աջակցություն և կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։
Մեր վարույթում գտնվող գործերով նույնպես կարողացել ենք հասնել դրական արդյունքների, հատկապես մինչդատական փուլում՝ իրավական խնդիրներին ժամանակին արձագանքելու, գործի հանգամանքները պատշաճ գնահատելու և համապատասխան իրավական մեխանիզմներն օգտագործելու միջոցով։ Կարծում եմ՝ փաստաբանի աշխատանքի լավագույն արդյունքներից մեկը հենց այն է, երբ հնարավոր է լինում արդյունավետ իրավական միջամտությամբ լուծում գտնել դեռևս մինչդատական փուլում՝ հնարավորության դեպքում խուսափելով երկարատև դատական գործընթացներից և ապահովելով վստահորդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը։
Ես կարևորում եմ ոչ միայն դատական վարույթում բարենպաստ որոշման հասնելը, այլև այն դեպքերը, երբ հնարավոր է եղել ապահովել վստահորդի իրավունքների վերականգնումը, կիրառել օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներ կամ հասնել այլ իրավական նշանակություն ունեցող արդյունքի։
Միաժամանակ կարծում եմ, որ ընտանեկան բռնության գործերով հաջողությունը չպետք է չափվի բացառապես «հաղթած գործերի» թվով։ Յուրաքանչյուր դեպքի հիմքում մարդու անվտանգությունն է, խախտված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը և հետագա բռնությունը կանխելու խնդիրը։
— Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել, որ դիմողների թիվը մեծանա։
— Առաջին հերթին անհրաժեշտ է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ բռնության ենթարկված անձը չի վախենա բարձրաձայնել իր խնդիրը և իրավական օգնություն խնդրել։ Դրա համար կարևոր են ոչ միայն օրենսդրական երաշխիքները, այլև դրանց գործնական կիրառումը։
Կարևոր է նաև հաշվի առնել, որ շատ դեպքերում բռնության ենթարկված անձը, գտնվելով երկարատև հոգեբանական ճնշման պայմաններում, կարող է չգիտակցել կամ չճանաչել իր նկատմամբ կիրառվող վարքագիծը որպես բռնություն։ Երբեմն բռնությունը աստիճանաբար է դրսևորվում՝ մշտական վերահսկողության, նվաստացման, սպառնալիքների կամ անձի կամքի սահմանափակման միջոցով, ինչի հետևանքով նման վարքագիծը կարող է ընկալվել որպես ընտանեկան հարաբերությունների սովորական դրսևորում։ Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն տեղեկացնել անձանց իրենց իրավունքների մասին, այլև օգնել նրանց ճանաչելու բռնության տարբեր դրսևորումները և հասկանալու, թե երբ է անհրաժեշտ դիմել իրավական պաշտպանության։
Անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկվածությունը, ապահովել փաստաբանական և հոգեբանական աջակցության հասանելիությունը, ինչպես նաև զարգացնել ժամանակավոր կացարանի և սոցիալական աջակցության հնարավորությունները։ Լինում են դեպքեր, որ անձը չի դիմում իրավական պաշտպանության ոչ թե այն պատճառով, որ չի գիտակցում խնդրի լրջությունը, այլ որովհետև վախենում է հետագա հետևանքներից, ֆինանսական դժվարություններից կամ ընտանիքը կորցնելուց։
Պետք է նաև ապահովել, որ բռնության մասին հաղորդում ներկայացրած անձը չհայտնվի լրացուցիչ ճնշման կամ մեղադրանքի թիրախում։ Երբ մարդը վստահ է, որ իր հաղորդումը պատշաճ կուսումնասիրվի, իր անվտանգությունը հաշվի կառնվի, իսկ իրավունքները կպաշտպանվեն, իրավական օգնության դիմելու հավանականությունը մեծանում է։
Առանձին ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ բռնության ենթարկված անձինք տարբեր պատճառներով կարող են խուսափել իրենց իրավիճակը բարձրաձայնելուց կամ իրավական պաշտպանության դիմելուց՝ ամոթի զգացումից, հասարակական դատապարտման վախից, ընտանիքը պահպանելու ցանկությունից, ֆինանսական կախվածությունից կամ այլ հանգամանքներից ելնելով։ Սակայն ընտանեկան բռնության պայմաններում լռությունը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն բռնության անմիջական ենթարկվող անձի, այլև ընտանիքում մեծացող երեխաների վրա։ Բռնության միջավայրում ապրելը կարող է բացասաբար ազդել երեխայի հոգեբանական բարեկեցության, անվտանգության զգացման և բնականոն զարգացման վրա։ Հետևաբար, նման իրավիճակներում անհրաժեշտ է առաջնորդվել ոչ միայն ընտանիքը պահպանելու ցանկությամբ, այլև երեխայի լավագույն շահի առաջնահերթությամբ՝ ապահովելով նրա անվտանգությունն ու առողջ զարգացման համար անհրաժեշտ պայմանները։
— Ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում ի՞նչ ձևերով են արտահայտվում՝ հոգեբանակա՞ն, ֆիզիկակա՞ն, թե՞ այլ։
— Ընտանեկան բռնությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական։ Դրանք կարող են հանդես գալ առանձին կամ համակցված ձևով։
Ֆիզիկական բռնությունն առավել տեսանելի դրսևորումներից է, սակայն դրանով խնդիրը չի սահմանափակվում։ Հոգեբանական բռնությունը կարող է արտահայտվել մշտական նվաստացումներով, սպառնալիքներով, վախի մթնոլորտի ձևավորմամբ, անձի կամքի ճնշմամբ և նրա սոցիալական կապերի սահմանափակմամբ։ Տնտեսական բռնության դեպքում կարող են վերահսկվել անձի ֆինանսական միջոցները, սահմանափակվել աշխատելու հնարավորությունը կամ ստեղծվել այնպիսի կախվածություն, որը դժվարացնում է բռնարար միջավայրից դուրս գալը։
Տնտեսական բռնության դրսևորումներից առավել տարածված է ֆինանսական միջոցների և ընդհանուր գույքի նկատմամբ վերահսկողության չարաշահումը։ ՀՀ քաղաքացիական օրեսդրության համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը, որպես կանոն, նրանց համատեղ սեփականությունն է, իհարկե բացառությամբ որոշակի դեպքերի, սակայն գործնականում խնդիրը կարող է առաջանալ այն դեպքում, երբ ամուսիններից մեկը միանձնյա վերահսկողություն է հաստատում ընտանիքի դրամական միջոցների նկատմամբ՝ մյուս ամուսնուն զրկելով ընդհանուր գույքից օգտվելու, դրա տնօրինման հարցերում մասնակցելու կամ ֆինանսական ինքնուրույն որոշումներ կայացնելու իրական հնարավորությունից։
Այս դրսևորումն իր ամրագրումն է ստացել նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով՝ տնտեսական բռնության դրսևորումների շարքում նախատեսված են նաև անձին հարկադրված նյութական կախվածության մեջ դնելը և ընդհանուր սեփականության գույքը տնօրինելու, տիրապետելու ու օգտագործելու իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակումը։
Իմ կարծիքով՝ հատկապես կարևոր է հասարակության շրջանում գիտակցել, որ բռնությունը միշտ չէ, որ ուղեկցվում է ֆիզիկական վնասվածքներով։ Անձի արժանապատվության, ազատության և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողությունները նույնպես կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր դեպքի իրավական գնահատականը պետք է տրվի կոնկրետ փաստերի և կիրառելի օրենսդրության հիման վրա։
— Կան պնդումներ, որ իրավապահները բացթողումներ ունեն այս հարցերի հետ կապված։ Դուք ինչպե՞ս կգնահատեք։
— Իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությունը պետք է գնահատվի յուրաքանչյուր դեպքի կոնկրետ հանգամանքների, ձեռնարկված միջոցների և օրենքով սահմանված լիազորությունների ու պարտականությունների պատշաճ կատարման տեսանկյունից։ Ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդումների քննության ընթացքում էական նշանակություն ունեն դրանց ժամանակին և ամբողջական ուսումնասիրությունը, հնարավոր ռիսկերի գնահատումը, բռնության ենթարկված անձի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը և նրա իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Հետևաբար, իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափության և արդյունավետության վերաբերյալ եզրահանգումները պետք է հիմնվեն տվյալ գործի փաստական հանգամանքների և կիրառելի իրավական նորմերի վերլուծության վրա։
Միաժամանակ ընտանեկան բռնության դեպքերում հատկապես կարևոր է հաղորդումներին արագ և պատշաճ արձագանքելը, ռիսկերի գնահատումը, ապացույցների ժամանակին հավաքումը և տուժողի անվտանգության ապահովումը։ Ցանկացած անգործություն, անհիմն ձգձգում կամ տուժողի նկատմամբ անտեղի վերաբերմունք կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն գործի ընթացքի, այլև հետագա բռնությունը կանխելու հնարավորության վրա։
Եթե առկա են իրավապահ մարմինների կողմից թույլ տրված կոնկրետ խախտումներ, դրանք պետք է գնահատվեն իրավական ընթացակարգերով, և անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն բողոքարկման մեխանիզմները։ Միևնույն ժամանակ գտնում ենք, որ կարևոր է իրականացնել մասնագիտական վերապատրաստումներ, ինչը հնարավորություն կտա տուժողների հետ աշխատանքի ընթացքում ձևավորել այնպիսի մոտեցումներ, որոնք կբարձրացնեն հանրային վստահությունը։
— Պարո՛ն Բարսեղյան, արդյոք սեփական իրավունքների չիմացությունը կարո՞ղ է հիմք դառնալ բռնության ենթարկվելու։
— Անձի կողմից իր իրավունքների ոչ բավարար իմացությունը չի կարող դիտարկվել որպես բռնության առաջացման պատճառ կամ այն արդարացնող հանգամանք։ Միևնույն ժամանակ, իրավական իրազեկվածության պակասը կարող է խոչընդոտել բռնության ենթարկված անձին՝ ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու, իր պաշտպանության համար օրենքով նախատեսված միջոցները գնահատելու և համապատասխան իրավական օգնության դիմելու հարցում։ Հետևաբար, անձանց իրավական իրազեկվածության բարձրացումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն իրենց իրավունքների ճանաչման, այլև բռնության կանխարգելման և իրավական պաշտպանության միջոցներից ժամանակին օգտվելու հնարավորության ապահովման տեսանկյունից։
Հետևաբար անհրաժեշտ է, որ քաղաքացիները տեղեկացված լինեն իրենց իրավունքների, իրավապահ մարմիններին դիմելու հնարավորությունների, պաշտպանության միջոցների և իրավաբանական օգնություն ստանալու ընթացակարգերի մասին։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ նույնիսկ լիարժեք իրավական իրազեկվածության պայմաններում բռնության ենթարկված անձը կարող է չդիմել օգնության՝ վախի, սպառնալիքների, կախվածության կամ այլ հանգամանքների պատճառով։
— Օրենքում փոփոխություններ են նախատեսվում։ Ի՞նչ եք կարծում՝ դա կօգնի՞ ընտանեկան բռնության դեպքերի նվազմանը։
— Կարծում եմ՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կարող են էական նշանակություն ունենալ ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման և տուժողների պաշտպանության արդյունավետության բարձրացման համար։ Հատկապես կարևոր եմ համարում այն մոտեցումը, որով նախատեսվում է ընտանեկան բռնությունը դիտարկել որպես առանձին հանցագործություն, ուժեղացնել տուժողների պաշտպանությունը քրեական վարույթի ընթացքում, սահմանափակել կրկնակի հարցաքննությունները, կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ և նախատեսել բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագրերի պարտադիր կիրառում։
Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, օրենսդրական փոփոխությունները պետք է ուղեկցվեն նաև սոցիալական աջակցության գործուն մեխանիզմների զարգացմամբ։ Մասնավորապես անհրաժեշտ է ապահովել բռնության ենթարկված անձանց համար անվտանգ ժամանակավոր կացարանների հասանելիությունը, ինչպես նաև նախատեսել համապատասխան ֆինանսական աջակցություն, որը նրանց հնարավորություն կտա հաղթահարելու ստեղծված իրավիճակը, նվազեցնելու բռնություն գործադրած անձից ունեցած տնտեսական կախվածությունը և ինքնուրույն կազմակերպելու հետագա կյանքը։
Հատկապես կարևորում եմ նաև համայնքի դերը ընտանեկան բռնության կանխարգելման գործում։ Համայնքային մակարդակում գործող իրավասու մարմինները, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ իրենց իրավասության շրջանակներում, կարող են ժամանակին տեղեկանալ ընտանիքում առկա խնդիրների կամ բռնության հնարավոր դրսևորումների մասին։ Հետևաբար, կարևոր է ապահովել նման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության ժամանակին փոխանցումը իրավասու մարմիններին, համապատասխան ծառայությունների համագործակցությունը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը։ Համայնքի ակտիվ մասնակցությունը կարող է նպաստել բռնության վաղ հայտնաբերմանը, դրա հետագա դրսևորումների կանխարգելմանը և բռնության ենթարկված անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրմանը։
Իմ գնահատմամբ՝ այս փոփոխությունները կարող են նպաստել խնդրի նկատմամբ պետության արձագանքի ուժեղացմանը։ Սակայն օրենսդրական խստացումը միայնակ բավարար չէ։ Արդյունքը կախված կլինի նաև իրավապահ մարմինների աշխատանքի որակից, օրենքի հետևողական կիրառումից, տուժողների անվտանգության ապահովումից և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունից։ Կարևոր է, որ բռնության ենթարկված անձը ոչ միայն օրենքով պաշտպանված լինի, այլև գործնականում զգա այդ պաշտպանության ազդեցությունը։
Իմ կարծիքով՝ առաջնահերթ նշանակություն ունեն պաշտպանության միջոցների արդյունավետ կիրառումը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը, իրավասու մարմինների համագործակցությունը և տուժողների համար աջակցության ծառայությունների հասանելիությունը։
— Փաստաբաններն ի՞նչ անելիք ունեն այս հարցի հետ կապված, որպեսզի դիմողների թիվը մեծանա։
— Փաստաբանների դերը չի սահմանափակվում արդեն իսկ առաջացած վեճերի կամ քրեական վարույթների շրջանակում իրավաբանական օգնություն տրամադրելով։ Նրանք կարող են կարևոր դեր ունենալ նաև կանխարգելման, իրավական իրազեկվածության բարձրացման և քաղաքացիների՝ իրավական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման գործում։
Փաստաբանները կարող են հանրային հարթակներում ներկայացնել ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքները, պարզաբանել դիմելու ընթացակարգերը, տեղեկացնել պաշտպանության միջոցների մասին և մատչելի լեզվով բացատրել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել բռնության կամ դրա սպառնալիքի դեպքում։ Կարևոր է նաև յուրաքանչյուր վստահորդի հետ աշխատել անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով նրա անվտանգության, գաղտնիության և իրավական պաշտպանության առանձնահատկությունները։
Կարծում եմ՝ եթե փաստաբանական համայնքը հետևողականորեն ներգրավվի այս աշխատանքներում, համագործակցի իրավասու մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների հետ, ապա հնարավոր կլինի բարձրացնել իրավական օգնության հասալիությունը և խրախուսել օգնության դիմելու մշակույթը։
Ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է համալիր մոտեցում։ Անհրաժեշտ է համատեղել իրավական պաշտպանության միջոցները, կրթական և իրազեկման ծրագրերը, սոցիալական աջակցությունը և բռնությունը կանխելու մեխանիզմները։
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների պաշտպանությանը, քանի որ ընտանեկան բռնության միջավայրում մեծանալը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց հոգեբանական զարգացման և հետագա հարաբերությունների ձևավորման վրա։ Կարևոր է նաև աշխատել հասարակական կարծրատիպերի փոփոխության ուղղությամբ՝ հստակ գիտակցելով, որ ընտանիքի պահպանումը չի կարող արդարացնել բռնությունը կամ մարդու հիմնարար իրավունքների խախտումը։
Ի վերջո, անհրաժեշտ է ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ բռնության մասին բարձրաձայնելը չի դիտարկվում որպես ամոթալի քայլ, իսկ իրավական օգնության դիմելը՝ որպես ընտանիքի դեմ գործողություն։ Ընտանիքի իրական արժեքը պետք է դրսևորվի փոխադարձ հարգանքի, անվտանգության և արժանապատվության պահպանման մեջ։
![]()