![]()
Ամուլսարի ծրագրի շահագործումից, Կառավարության հաշվարկներով, պետական բյուջե վճարվելիք տարեկան հարկերը, տուրքերը և ռոյալթին կկազմեն 130 միլիոն դոլար։
Ծրագիրը նաև տարեկան շուրջ 1,5 տոկոս դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համախառն ներքին արդյունքի վրա։
Այս մասին Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ ծրագրում ներդրվել է ավելի քան 750 միլիոն դոլար, իսկ շահագործման փուլում նախատեսվում է ավելի քան 210 հազար ունցիա ոսկու արտադրություն։
«Մեր հաշվարկներով՝ հարկեր, տուրքեր, ռոյալթի՝ միայն 130 միլիոն դոլար պետական բյուջե վճարում է լինելու։ Եվ գումարած՝ իհարկե, 12,5 տոկոս Կառավարությունը սեփականատեր է այս պրոյեկտի մեջ, այսինքն՝ մենք մասնաբաժին ունենք։ Սա նույնպես կարևոր է»,-ասել է Պապոյանը։
Նա ծրագիրը բնութագրել է որպես պետություն-մասնավոր համագործակցության կարևոր օրինակ՝ ընդգծելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն կազմակերպելու հնարավորությունը՝ պահպանելով նաև բնապահպանական պահանջները։
Պապոյանի գնահատմամբ՝ Ամուլսարի նշանակությունը միայն ներդրումներով և հարկային մուտքերով չի կարևորվում և պատմությունը պարզապես շատ մեծ ներդրումների, շատ աշխատատեղերի, շատ հարկերի մասին չէ, այլ նաև հանքարդյունաբերության ստանդարտների մասին պատմություն է:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ձևավորված միջավայրը Հայաստան է բերել նոր ապրանքանիշներ, չափանիշներ և բիզնեսի վարման մշակույթ՝ զարգացման հնարավորություններ ստեղծելով նաև տնտեսության այլ ճյուղերի համար։
«Ես կարծում եմ ու վստահ եմ, որ սրա արդյունքում ոչ միայն հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու՝ ուղղակի և անուղղակի, այլ նաև ստեղծվելու է մի տնտեսական այնպիսի շարժիչ, որը իր հետևից ընդհանրապես այս տարածաշրջանի, հատկապես Վայքի, Ջերմուկի, Սիսիանի համար նոր ճանապարհ է բացելու»,- ասել է Պապոյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացմանը մասնակցած անձանց՝ ընդգծելով, որ դրա անցած ճանապարհը հեշտ չի եղել։
![]()