Այն ընդերքը, որ այսօր մեր աչքի առջև դարձավ ոսկի, ՀՀ-ին է պատկանում և ՀՀ ժողովրդի սեփականությունն է. վարչապետ

Ինչպես հայտնել ենք՝ տրվում է Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը, ինչի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Կառավարության մի շարք անդամների հետ ուղղաթիռով ժամանել է Վայոց ձորի մարզ:

Վարչապետը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը հանդես է եկել ելույթով:

Վարչապետը հայտնել է, որ արդեն իր ավարտին է հասցվել Ամուլսարի երկարամյա էպոպեան, և, իհարկե, սա հաջողության պատմություն է միանշանակ:

Նրա խոսքով՝ պետք է նախ՝ անդրադառնալ այն հարցին, թե ինչու են նման հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց մոտակայքում բողոքի ակցիաների:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է այս հարցին պատասխանելը: Բոլորդ գիտեք, որ Ամուլսարի նախագիծը տարբեր դրսևորումներով է արտահայտվել, և ես կարծում եմ, որ նաև այդ անցած ճանապարհը պետք է վերլուծել՝ հետագայում ներդրումային ծրագրերի հետ կապված գործելակարգեր որդեգրելու համար:

Կարծում եմ՝ կարևորագույն խնդիրներից մեկը այդ ամենի վերաբերյալ հանրության ընկալումն ու իրազեկումը բարձրացնելն է, և մեր քաղաքականությունը խնդրի հետ առնչվելու առաջին վայրկյաններից եղել է հետևյալը՝ նախ՝ պատասխան ձևակերպել հանրությանը հուզող բոլոր հարցերին և երկրորդ՝ ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիները հնարավորինս տեսանելի և շոշափելի կերպով այս նախագիծը համարեն նաև իրենցը:

Եկեք ի վերջո արձանագրենք, որ այն ընդերքը, որ այսօր մեր աչքի առջև դարձավ ոսկի, այդ ընդերքը ՀՀ-ին է պատկանում և ՀՀ ժողովրդի սեփականությունն է:

Մեզ համար մեծագույն խնդիր է եղել ի ցույց դնել, որ այդ հարստությունը ծառայելու է ՀՀ-ի զարգացմանը և բարեկեցությանը, և իհարկե, այս ներդրումային ծրագրի ճակատագիրը էական նշանակություն է ունենալու նոր՝ այսպիսի ներդրումային ծրագրեր բերելու համար»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ