Թվայնացումը կնպաստի փոքր և ծով ելք չունեցող երկրների տնտեսությունների միջազգային շուկաներին հասանելիությանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեում թվային տեխնոլոգիաների և գլոբալիզացիայի վերաբերյալ թեմատիկ քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է թվային փոխակերպման դերը՝ որպես կայուն զարգացման, նորարարության և տնտեսական աճի շարժիչ ուժ։

«Պատվիրակությունը ներկայացրել է ազգային տեխնոլոգիական կարողությունների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ թվում՝ առաջադեմ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, գիտահետազոտական գործունեության խթանումը, թվային հմտությունների կատարելագործումը և նորարարական ստարտափներին աջակցությունը։

Պատվիրակությունն անդրադարձել է նաև հոկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի և միջտարածաշրջանային հիմնական խմբի համատեղ նախաձեռնությամբ ներկայացված «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևի ընդունմանը։

Վերահաստատել է միջազգային համագործակցության և նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության արդյունավետ կառավարման կարևորությունը՝ ընդգծելով, որ թվայնացումը կարող է նպաստել փոքր և դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսությունների աշխարհագրական սահմանափակումների հաղթահարմանը, միջազգային շուկաներ հասանելիության ընդլայնմանը և կայուն զարգացման առաջմղմանը»,- ասվում է ՄԱԿ-ու ՀՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ