Մեր նպատակը պետք է լինի քաղաքացիների համար որակյալ ու հասանելի բնակարանային միջավայրի ապահովումը. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարարությունից։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ոլորտի կայուն զարգացման և քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը։

«Մեր նպատակը պետք է լինի այնպիսի պայմանների ձևավորումը, որոնք միաժամանակ կնպաստեն ներդրումների ներգրավմանը, ոլորտի կայուն զարգացմանը և քաղաքացիների համար որակյալ ու հասանելի բնակարանային միջավայրի ապահովմանը»,- նշել է նախարարը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը, օրենսդրական և գործնական նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել ժամանակակից քաղաքաշինական մոտեցումների կիրառմանը, քաղաքային միջավայրի բարելավմանը, բնակավայրերի կայուն և համաչափ զարգացմանը, ոլորտում նորարարական լուծումների և միջազգային լավագույն փորձի կիրառմանը։

Մասնակիցները կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության և համագործակցության շարունակական ամրապնդումը՝ որպես քաղաքաշինության ոլորտի կայուն զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և նոր ծրագրերի իրականացման կարևոր նախապայման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ