![]()
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստիան Դանկամբը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել վերջին տարիների համագործակցությամբ արձանագրված առաջընթացին հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև արվեստի, մշակույթի և միջազգային համագործակցության ուղղությամբ ընդլայնվող գործունեությանը։
Ողջունելով Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսի գլխավորած պատվիրակությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունը, մասնավորապես՝ անգլերենի ուսուցման, «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև մշակույթի և երիտասարդության ոլորտներում։
«Վերջին տարիներին Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների հիմնական գործընկերներից մեկը Բրիտանական խորհուրդն է: Համատեղ իրականացնում ենք ծրագրեր, որոնք լայն պահանջարկ ունեն շահառուների շրջանում և մեծ ազդեցություն՝ կրթության որակի վրա: Մեր համատեղ փորձը՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, կարող է ուսանելի լինել նաև այլ երկրների համար»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ համագործակցության ոլորտները կընդլայնվեն:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Բրիտանիայի բուհերի միջև փոխգործակցության ընդլայնման, դպրոցների ղեկավարների և կրթական կառավարման մասնագետների կարողությունների զարգացման հնարավորությունները:
Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսին նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է մեր երկրի մշակույթով: Նա ևս կարևորել է տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը՝ հիմք ընդունելով արդեն իսկ առկա հաջողված փորձը:
Հանդիպմանը քննարկվել են նաև մշակութային ժառանգությանն ու ստեղծարար արդյունաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպումն ամփոփվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությամբ: Կողմերը հաստատել են, որ այն կխթանի համագործակցության շարունակականությունն ու ամրապնդումը:
![]()