![]()
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է»:
Այս մասին Թուրքմենստանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշի քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
ՀՀ վարչապետը մեջբերել է Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը.
«Կողմերը, 1-ին հոդվածին լիովին համապատասխան, հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն ներկայացնի։ Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ պլանավորում, նախապատրաստում, խրախուսում կամ աջակցում, որն ուղղված է մյուս կողմի տարածքային ամբողջականության կամ քաղաքական միասնության լրիվ կամ մասնակի բաժանմանը կամ խախտմանը»։
Փաշինյանը հայտարարել է, որ այս դրույթները պարունակող համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։
«2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում ես կցանկանայի հատկապես ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հաստատման գործում։ Սակայն, ցավոք, նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո մենք չկարողացանք հասնել խաղաղության»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միայն մեկ կենսունակ տարբերակ կար, և այս ճարտարապետությունը կառուցվել է Ալմաթիի հռչակագրի սկզբունքների վրա։
«Երեսուն տարուց ավելի հակամարտությունը շարունակվել է Ալմաթիի հռչակագրի հովանու ներքո, և թվում էր, թե այս փաստաթղթի գոյությունը աննկատ է մնացել։ Լիարժեք խաղաղություն հաստատելու համար փոխաբերական իմաստով անհրաժեշտ էր վերակենդանացնել Ալմաթիի հռչակագիրը։ Մենք դա արեցինք Ադրբեջանի նախագահի հետ միասին»,- նշել է նա:
Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո, կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմաթիի հռչակագրին։
«Հարգելի՛ պետությունների ղեկավարներ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է։ Այսօր մենք կարող ենք նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև կրակոցների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Չնայած փաստին, որ երեսուն տարուց ավելի՝ սկսած 1990-ական թվականներից, ամեն տարի զոհեր և վիրավորներ են եղել երկու կողմերից էլ, այժմ խաղաղություն է»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
![]()