Փաշինյանը և ԱՊՀ առաջնորդները մասնակցում են նեղ կազմով գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ այլ երկրների ղեկավարների հետ միասին մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունենում Թուրքմենստանի՝ Կասպից ծովի ափին գտնվող «Ավազա» հանգստավայրում։

Հանդիպումը բացել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։

Փաշինյանից բացի՝ գագաթնաժողովին մասնակցում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Հանդիպումը հետագայում կշարունակվի ընդլայնված կազմով. առաջին անգամ Իրանի նախագահը կմիանա ԱՊՀ ղեկավարներին, գագաթնաժողովին կմասնակցի նաև Մասուդ Փեզեշքիանը։

Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված է 15 հարց։ Հանդիպումից հետո նախատեսվում է պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության ընդունում, որում կգնահատվեն ԱՊՀ-ի վերջին 35 տարիների ընթացքում եղած ձեռքբերումները և կներկայացվեն միավորման հեռանկարները։

Բացի այդ՝ երկրների ղեկավարները նախատեսում են հաստատել կիբեռհանցագործության դեմ պայքարում գործընկերության վերաբերյալ մի քանի փաստաթուղթ, ինչպես նաև համագործակցության դրական կերպարի ձևավորման և թեմատիկ տարիներ անցկացնելու միջոցառումների շարքը, որը ներառելու է սոցիալական զարգացում, կյանքի որակ և տրանսպորտային կապեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ