![]()
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ Ադրբեջանը կարծես թե դեռ հապաղում է խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, իսկ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այն:
Ըստ նրա՝ Ադրբեջանի հապաղման պատճառները տարբեր են: Չի բացառվում, որ պաշտոնական Բաքուն չի ուզում ստորագրել դա, սակայն ճնշում կա:
Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցու դեպքը նա դիվերսիա չի որակում. ասում է՝ նախկինում էլ է եղել, երբ մարդիկ հայտնվել են սահմանի մյուս կողմում. «Սա դիվերսիա չէ, զինվորի ՀՀ սահմանը հատելը Ադրբեջանին էլ դուր չի եկել»:
Ներսիսյանը այն համոզմանն է, որ ՀՀ-ում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան Ադրբեջանին և Թուրքիային չի վախեցնում: Նրա խոսքով՝ այն այսօր առավել քաղաքական խնդիր է լուծում. «Պետք է հասկանալ՝ ռազմաբազա ունենալն է այսօր շատ ավելի մեծ խնդիր, թե չունենալը, այն քաղաքական գործոն ունի այսօր»:
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատողը, մեկնաբանելով Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, թե Հայաստանը այսպես շարունակելու դեպքում կարող է վերածվել Ուկրաինայի, ասում է. «Մեդվեդևը աննորմալ բաներ է խոսում, ասածներից ոչ մեկը իրականություն չի դարձել, ՀՀ-ն Ուկրաինա չի դառնա»:
Լեոնիդ Ներսիսյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող է դիտել տեսանյութում:
![]()