![]()
Գյումրու համայնքային իշխանությունը սեփական գործառույթներն ըստ օրենքի իրականացնելու փոխարեն, ավանդույթի համաձայն կրկին կուլ է գնում դրսից թելադրվող օրակարգերին։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը՝ տեղեկացնելով․
«Հերթական անգամ փորձ է արվում նսեմացնել Գյումրու՝ ինքնուրույն, կայացած քաղաք լինելու փաստը, կրկին վաճառքի է հանված Գյումրու տոնը։ Անոնսն ավելի վաղ էր արվել, երբ ավագանու նիստում հայտարարվել էր, որ Գյումրու տոնը «մեծ եղբայրը» կտոնի։
Էլի ասել էինք, բայց քանի որ ընկալման խնդիր կա, մեկ անգամ ևս ընդգծում ենք՝ Հայաստանի Հանրապետությունն է Գյումրու և ՀՀ բոլոր քաղաքների ու գյուղերի մեծ եղբայրը։
Այս ճշմարտության հետ չհամակերպվող Գյումրու համայնքապետարանը գործի է դրել հանրապետության երկրորդ քաղաքն ու գյումրեցուն հերթական անգամ մուրացիկի կարգավիճակում ներկայացնելու, սեփական քաղաքական շահերը առաջ մղելու, գյումրեցուն փողով «զարմացնելու» և պարտքի տակ թողնելու բազմիցս տապալված «ուժեղ» ծրագիրը։
Առնվազն սխալ հաշվարկ է գյումրեցիների հետ խոսել այս լեզվով, էլ ավելի դատապարտելի է նրանց տոն նվիրելու կեղծավորության տակ սողոսկել համայնքապետարան, հաստատվել այնտեղ, որտեղ չեք կարողացել լինել ուղիղ ճանապարհով։
Ձեր ջանքերն իզուր են։ Նույնիսկ, եթե մեկ ամսում երկու անգամ տոնեք Գյումրու օրը, միևնույնն է՝ դուք այս քաղաքում մերժված եք, գյումրեցին ձեզ վաղուց է ցույց տվել ձեր արժանի տեղը, հենց դրա համար եք հիմա գործում հատակի տակից ու փակ դռների հետևից։
Գյումրիում իշխանափոխություն լինելու է՝ հանուն քաղաքի զարգացման և առաջընթացի»։
![]()