Զինծառայողը վնասել է քաղաքացուն․ եթե այդ ամենը չլիներ, մենք նույն օրը զինվորին կվերադարձնեինք. վարչապետ

«Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր, նույն օրը նրան կվերադարձնեինք»:

Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին:

«Զինծառայողը կրակել է, վնասել է քաղաքացուն, մարդկանց տուն է մտել։ Եթե այդ ամենը չլիներ, մենք նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին, բայց ինքն արդեն խնդիր է»,- ասել է նա:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է և կալանավորվել:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին տեղեկատվությունը ճիշտ է. 2026 թվականի սեպտեմբերի 26-ին Նասիմի Մուսաևի իր ծառայության վայրից բացակայության և նրան գտնելու անհնարինության պատճառով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Նասիմի Մուսաևը առանց թույլտվության լքել է իր զորամասը։

Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա. Ա.-ն: Այնուհետև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:

2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա էր եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ